Միրզախանյանը ազատվո՞ւմ է տարեց դասախոսներից

Միրզախանյանը ազատվո՞ւմ է տարեց դասախոսներից
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը որոշել է ազատվել իր մի շարք ամբիոնների 65-ն անց դասախոսներից, թեեւ նրանք ունեն համապատասխան կոչումներ եւ դասավանդման բավական երկար տարիների փորձ: Համալսարանի ամբիոններից մեկի դասախոսը (նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, քանի որ դեռ հույս ունի մասնակցել օգոստոսին կազմակերպվող մրցույթին) մեզ հետ զրույցում ասաց, որ ռեկտորի կողմից դեկաններին եւ ամբիոնի վարիչներին ներքին հրահանգ է եղել՝ «հասկացնել» տարեց դասախոսներին, որ իրենք չեն կարող այլեւս մասնակցել օգոստոսին հայտարարվող նոր մրցույթին: Իսկ որոշ հաշվարկով՝ այդպիսի խտրական վերաբերմունք դրսեւորելու դեպքում մոտ 50 հոգի դուրս կմնան  համալսարանից: «Բայց չէ՞ որ այդ աշխատանքով ես իմ ընտանիքն եմ պահում»,-վրդովված դժգոհեց դասախոսը: Վերջինիս փոխանցմամբ՝ այս ամենի նպատակն այն է, որ որոշ դեկաններ ցանկանում են իրենց ծանոթներին տեղավորել աշխատանքի: «Իրենց ախպերությանն են ուզում բերել»,-բացատրեց նա: Սակայն համալսարանի ռեկտորը՝ Ռուբեն Միրզախանյանը, մեզ հետ զրույցում այդպես էլ հստակ որեւէ բան չասաց: Նմանատիպ խոսակցություններն անլուրջ որակեց եւ բացատրեց, թե ընդհանրապես ինչպես է տեղի ունենում մրցույթի կազմակերպման ընդհանուր գործընթացը: «Ոչ մեկը ոչ մեկից ազատվելու խնդիր չունի: Հայտարարվում է մրցույթ: Մրցույթը չի ենթադրում տարիքային սահմանափակում: Սա ընդհանուր կարգ է, որը կիրառվում է ոչ միայն Մանկավարժական համալսարանում, այլեւ երկրի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-ասաց Միրզախանյանը:



Մեր դիտարկմանը, թե դասախոսի դժգոհությունը կապված չէ ընդհանուր կարգի հետ, այլ անմիջականորեն վերաբերում է այդ կարգի խախտմանը, ռեկտորը կրկին արձագանքեց. «Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած տարիքային սահմանափակմանը, ապա մրցույթների ընթացքում նման մոտեցում չկա: Իսկ թե այդ մրցույթի ընթացքում ով կընտրվի, որոշվում է փակ-գաղտնի քվեարկությամբ: Այդպիսին է կարգը: Իսկ նմանատիպ խոսակցությունները լուրջ չեն»:



Դուք հավաստիացնո՞ւմ եք, որ նման խնդիր չկա, եւ մրցույթի ժամանակ բոլոր դասախոսները, անկախ տարիքից, կարող են մասնակցել մրցույթին՝ հարցրինք պրն Միրզախանյանին: «Ես ոչ մեկին ոչ մի բանի մեջ հավաստիացնելու անհրաժեշտություն չունեմ: Ես աշխատում եւ գործում եմ օրենսդրությամբ հաստատված կարգով: Գոյություն ունի ընտրությունների կարգ,-ասաց Միրզախանյանը՝ այնուամենայնիվ ավելացնելով:- Հիմա ինչ վերաբերում  է ամբիոններին, ապա դա բավականին անհատական հարց է, այդտեղ տարբեր մոտեցումներ կարող են լինել տարբեր դասախոսների համար»:



Ի դեպ, մեզ հետ զրուցած դասախոսը նշեց նաեւ, որ համալսարանում խուսափում են մեկ տարուց ավելի պայմանագիր կնքել իրենց հետ: Միրզախանյանը պարզաբանեց, որ հենց այդ մրցույթի անցկացումը թույլ է տալիս, որպեսզի դասախոսի հետ կնքվի երկարաժամկետ պայմանագիր՝ մինչեւ 5 տարի: Իսկ եթե դասախոսը մրցույթով չի անցնում, նրա հետ մեկ տարվա պայմանագիր է կնքվում: Թե որքանով է Միրզախանյանը հետեւում օրենսդրությամբ հաստատված կարգին, պարզ կդառնա, երբ անցկացվեն մրցույթները: