Վիմ Վենդերս. «Ակումբ Բուենո վիստա»

Վիմ Վենդերս. «Ակումբ Բուենո վիստա»
Վիմի վավերագրական ֆիլմերը միշտ էլ բացառիկ իրադարձություն են եղել: Ֆիլմերի պոետիկ լեզուն, ընտրված հերոսները` ֆանտաստիկ կենսասիրությամբ լցված նրանց կյանքի ռիթմը: Թվում է՝ ոչ թե ռեժիսորն է ընտրել հերոսներին, այլ նրանք են փնտրել ու գտել իրենց ռեժիսորին, մեկին, ով ճիշտ ժամանակին կարողանում է նստել  հանդիսատեսի հետ ու ճիշտ ժամանակին նուրբ վրձնահարվածով ներկայացնել իր վերաբերմունքը: 1940 թվականին Կուբայի մայրաքաղաք Հավանայում գործում էր «Բունեո Վիստա» երաժշտական խումբը: Վառվռուն պարերի, սիգարի ծխով պարուրված տաք ու բաբախուն քաղաքը լցվում էր կիթառի, շեփորի, թմբուկների, խմբի անդամների ինքնատիպ վոկալի հնչյուններով` հեռացնելով առօրյա հոգնածությունը, երգելով, որ կյանքը հիասքանչ է` հենց այնպես, որ կյանքը հենց այնպես սիրելի է ու գրկելի, որ ինչ էլ լինի մարդը, երբեք չի կորցնում զվարճանալու ու բերկրանք պարգեւելու շնորհը:



Ամերիկացի երաժիշտ Ռայ Կունդերան ժամանում է Հավանա եւ փորձում փնտրել ու հավաքագրել խմբի արդեն տարեց երաժիշտներին եւ նրանց հետ ալբոմ ձայնագրել: Արդեն պատկառելի տարիքի հասած Կոմպայ Սեգունդոն, Էլիադես Օչոան, Իբրաիմ Ֆերերը, Մանուել Լիսեան եւ ուրիշներ ապշեցնող եռանդով եւ հուզմունքով պատմում են իրենց եւ խմբի կյանքի պատմությունը` վերհիշելով զավեշտալի, դրամատիկ եւ զգացմունքային իրադրություններ, ակնթարթներ, բարդություններ եւ հաղթանակներ, որոնց սիրելի հուշը միշտ ուղեկցել է նրանց հետագա կյանքը:



Վիմին կարճ ժամանակահատվածում հաջողվում է ստեղծել անմիջականության ու տագնապի այնպիսի մթնոլորտ, որ, թվում է՝ կորում է տեղի ու ժամանակի զգացողությունը, սեփական կյանք ունենալու փաստը: Իրենց ոչ այնքան հեշտ կյանքին վերաբերող յուրաքանչյուր դրվագի մասին երաժիշտները խոսում են կատարյալ հարգանքով, եւ այդ կյանքը զարմանահրաշ է թվում նույնիսկ փոքր դետալների ու խնդիրների մեջ, իսկ երաժիշտների ճամփորդությունը Նյու Յորք եւ առաջին ու վերջին հանդիպումը երկնաքերերի աշխարհի հետ պարզապես մարդկային հումորի եւ հիացմունքի կարողության հրավառություն է: