Ես ավելի կարեւոր եմ համարում մեր մշակույթի գովքը

Ես ավելի կարեւոր եմ  համարում մեր մշակույթի գովքը
Սեպտեմբերի 20-ին Թբիլիսիի «Եվրոպա» հրապարակում նախատեսված է Արա Գեւորգյանի հեղինակային համերգը, որին մասնակցելու են նաեւ Օպերայի սիմֆոնիկ նվագախումբը, «Վահագն» դհոլահարների համույթը, «Էլեն» պարային ստուդիան: Սա Արա Գեւորգյանի առաջին համերգն է Վրաստանում, որի կազմակերպիչն է Վրաստանի քաղաքապետարանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց երաժիշտը, վրացական կողմը համերգի համար տրամադրելու է իրենց բեմահարթակը, լուսա-ձայնային ամբողջ համակարգը, ապահովելու է գովազդը, նկարահանումը, անվտանգությունը, իսկ մյուս ծախսերը պետք է հոգա հայկական կողմը: Չնայած այն բանին, որ մշակույթի նախարարն ու քաղաքապետն աջակցում են Վրաստանում կայանալիք համերգին, բայց հովանավորների կարիք էլի կա, որպեսզի, ինչպես նշեց Գեւորգյանը, «մեր ազգը փառաբանող, արժանապատվության համերգ լինի, եւ ես ցանկանում եմ Թբիլիսիում այնպիսի շլացուցիչ համերգ տալ, որպեսզի մեր հայրենակիցներն ավելի հպարտ լինեն, ինչպես որ միշտ է եղել: Ուզում եմ նաեւ, որ մենք մեր վրացի հարեւանների հետ ունենանք խաղաղ, լավ հարաբերություններ եւ ապացուցենք, որ մենք հպարտանալու շատ բան ունենք: Եթե իրենք գովում են իրենց քաղաքը, ես ավելի կարեւոր բան եմ գովում՝ մեր մշակույթը: Իմ նպատակն այն է, որ այդ համերգից հետո մեր հայերն ավելի վստահ կանգնեն վրացիների կողքին, որը միշտ այդպես է եղել. եթե հովանավորներ ունենանք, պատրաստ եմ այդ հզորությունն ապահովել»:



Ինչ վերաբերում է համերգային ծրագրին, ապա՝ «մենք ունենք հնարավորություն ցուցադրել այն, ինչ որ մենք ցանկանում ենք, նույնիսկ հայ դասական երաժշտության նմուշներ՝ միայն սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Իմ համերգին, երաժշտությունից բացի, միշտ ցուցադրվում են նաեւ հայկական գորգեր, հայոց այբուբեն, մանրանկարչություն, մեր վանքերն ու խաչքարերը, հայկական ծիսակատարություններ, մեր երկիրը»: Արա Գեւորգյանը նշեց, որ համերգի ընթացքում հայ եւ վրացի երգիչների կողմից հայերեն եւ վրացերեն լեզուներով կատարվելու է նաեւ իր՝ «Սիրեցեք զմիմեանս» երգը, հայկական կողմից երգը կկատարի երգիչ Էրիկը: Իսկ համերգի կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկը: