Ունգարետի

Ունգարետի
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բնակվող իտալացի էմիգրանտների ընտանիքում 1888 թվականին ծնվում է իտալական պոեզիայի խոշոր ներկայացուցիչներից մեկը` Ջուզեպե Ունգարետին: Վաղ հասակից Ունգարետին տարվում է Լեոպարդիի, Բոդլերի, Մալարմեի պոեզիայով` գրելով սեփական ստեղծագործությունները: Շուտով Ունգարետին մոր եւ եղբոր հետ տեղափոխվում է Իտալիա, որտեղից մեկնում է Ֆրանսիա:  Փարիզի Կոլեժ դը ֆրանսում նա լսում է արդեն մեծ համբավ ունեցող Անրի Բերգսոնի դասախոսությունները, ծանոթանում Սանդրարի, Ապոլիների, Պիկասոյի, Մոդիլիանիի հետ: Հայրենքից հեռու լինելու փաստը, օտարվածության զգացողությունը խոր տառապանք են պատճառում երիտասարդ բանաստեղծին: Նրա մոտ ընկերը, ով իր հետ Ալեքսանդրիայից Փարիզ էր տեղափոխվել սովորելու, ինքնասպան է լինում` չդիմանալով օտարության խորթությանն ու ընթացիկ կյանքի անհարմարություններին: Մուհամեդի մահը զգալի հետք է թողնում Ունգարետիի բանաստեղծական աշխարհայացքի ձեւավորման եւ մթնոլորտի վրա:



Կամավորագրվելով Առաջին համաշխարհային պատերազմին` Ունգարետին մասնակցում է մարտերին, գրելով բանաստեղծություններ, որոնք ասես արտացոլում են ոգեղեն մի զինվորի ողջ մտածմունքները` մարդկային ճակատագրի ողբերգության, հիշողության, պատերազմի արհավիրքի եւ մահվան մասին: Նրա «Ուրախություն» բանաստեղծական ժողովածուն լույս է տեսնում մարտական ընկերոջ` Բենիտո Մուսոլինիի առաջաբանով:



Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Ջուզեպե Ունգարետին ընտանիքի հետ տեղափոխվում է Բրազիլիա, որտեղ՝ Սան-Պաուլո համալսարանում ստանձնում է իտալական լեզվի եւ գրականության դեկանի պաշտոնը: Շուտով Ունգարետին անձնական մեծ ողբերգություն է ապրում. մահանում է նրա իննամյա որդին` Անտոնիետոն: Երկրորդ աշխարհամարտը, որդու, մոր եւ եղբոր կորուստը դառնում են նրա «Վիշտ» անվանումով բանաստեղծական ժողովածուի գլխավոր հայելումները: Մահը, մարդկային տառապանքն ու հիշողությունը ձեւավորում են Ունգարետիի պոեզիան սնող մթնոլորտը: Ջուզեպե Ունգարետիի պոեզիան իր կյանքի օրոք մեծ ժողովրդականություն է վայելում:



Նրա ժողովածուներն անընդհատ վերահրատարակվում են մեծ տպաքանակով: 1966 թվականին 78-ամյա բանաստեղծը մեկնում է Բրազիլիա՝ այցելելու որդու շիրմին, եւ Սան-Պաուլոյում պատահաբար հանդիպում է շրջանավարտ, 26-ամյա Բրունա Բյանկոյին, ով իրավաբանական կրթություն էր ստացել, սակայն գրում էր նաեւ բանաստեղծություններ: Ունգարետին սիրահարվում է աղջկան, ինչի արդյունքում ծնվում է երկու հեղինակների կողմից գրված ստեղծագործությունների շարք: Դրանք ընդգրկվում են «Դիալոգ» կոչվող գրքում: