Գովազդը ռմբակոծում է մեզ

Գովազդը ռմբակոծում է մեզ
Հատված աշխարհահռչակ կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ հարցազրույցից:



- Ձեզ զայրացնո՞ւմ է ժամանակակից կինեմատոգրաֆը:



- Ինձ հունից հանում է, երբ թերթերում սկսում են գրել, թե այս կամ այն ֆիլմը որքան գումար է աշխատել: Դա ազնիվ չէ: Իսկ ինչո՞ւ չեն գրում, թե որքան գումար է ծախսվել այդ ֆիլմը գովազդելու համար: Կինոն սպորտ չէ, ռեժիսորը ֆուտբոլիստ չէ: Այդ ամենը խիստ հարաբերական է:



- Իսկ ի՞նչը հարաբերական չէ:



- Սերը: Ինտուիցիան: Ծերությունը: Ճշմարտությունը: Ահա այսքանը:



- Ինչպիսի՞ն եք տեսնում կինոյի ապագան:



- Կինոյի ապագան 3D չէ, այլ արվեստների սինթեզը՝ օպերա, թատրոն եւ տեսաշար: Կգա ինչ-որ ժամանակ, երբ ֆիլմի ցուցադրումը նման կլինի նվագախմբի ղեկավարման: Ռեժիսորը կկառուցի իր ֆիլմը հենց դահլիճում՝ հաշվի առնելով հանդիսատեսի էմոցիաներն ու տրամադրվածությունը: Նա կավելացնի ու կփոխի տեսարանները մեկը մյուսի ետեւից: Այսպիսով, ֆիլմի ամեն նոր ցուցադրություն կդառնա պրեմիերա:



- Լինելով «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմի ռեժիսորը, հավատո՞ւմ եք արդյոք, որ կլինի ապոկալիպսիս: Ի՞նչը կարող է արագացնել այդ պրոցեսը:



- Հիմարություն: Կան որոշ երեւույթներ, որոնք խախտում են աշխարհի ներդաշնակությունը: Ես կարծում եմ, որ ժամանակակից մարդու կյանքն օր օրի ավելի է սպառնում աշխարհին: Մենք ստեղծում ենք մի սերունդ, որն անընդհատ չբավարարված է: Գովազդը ռմբակոծում է մեզ շաբաթվա յոթ օրը, եւ նախանշում են, թե ինչպիսին մենք պետք է լինենք: Վերջին հաշվարկով այս ամենը հոգեբանական թունավորման կբերի: Գովազդը ստերեոտիպներ է ստեղծում եւ մարդկանց մոտ առաջացնում թերարժեքության զգացում, որը մարդիկ փորձում են խեղդել թմրանյութերի, նիկոտինի եւ ալկոհոլի մեջ: Մարդու կյանքի ներդաշնակությունը խախտվել է: Մարդկությունը գնալով հիմարանում է: Եթե մարդկությունն ավելի գրագետ չդառնա ու չսկսի ընտրել ճիշտ ղեկավարներ, ո՞ւր կհասնենք մենք: