Օդը լի էր շախմատով

Օդը լի էր շախմատով
Իրոք փառահեղ հաղթանակ տարան մեր տղաները շախմատի օլիմպիադայում: Սա այն քիչ դեպքերից է, երբ եւ հաղթանակն է հաճելի, եւ հաղթողներն են արժանի: Իսկ մեր ժողովուրդն էլ արժանի է այս հաղթանակի բերկրանքը վայելելուն: Ինչ հրաշալի ցնծություն էր երեկ տիրում մեր երկրում: Ուր է թե նման պահերը շատ լինեն: Այս պահերն են ոգեշնչում, գոտեպնդում, ապրելու եւ արարելու ուժ տալիս մարդկանց:



Այս պահերին է ազգը գիտակցում ու հպարտանում իր մտքի, կամքի, աշխատանքի արդյունքով: Նման հաղթանակներն են համախմբում, դրական լիցքեր հաղորդում ամենահուսալքվածներին ու դժբախտներին: Փառք ու պատիվ մեր հերոսներին, որ նաեւ անսովոր համեստ են, տարեցտարի չեն փոխվում ու ոչ մի կերպ չեն մեծամտանում, երբ դրա համար բոլոր պատճառներն ունեն: Երեկ նրանց օրն էր, ու օրը լի էր շախմատով: Անգամ նրանք, ովքեր շախմատային ֆիգուրներն իրարից չեն տարբերում, հրճվում էին ու երջանիկ էին:



Երջանկությունը կրկնապատկվել էր այն մտքից, որ հենց Թուրքիայում է հնչել մեր հիմնը, բարձրացվել մեր դրոշը: Սաֆարովյան իրադարձություններից հետո, երբ նվաստացած ու ոտնահարված էր հայի ազգային արժանապատվությունը, սա իսկապես ռեաբիլիտացիոն նշանակություն ունեցող իրադարձություն էր: Սեփական արժանապատվությունը վերականգնված տեսնելու, պայմանական «թշնամուն» ինչ-որ բան ապացուցելու ու նաեւ աշխարհին հայտարարելու համար, որ մենք ոչ միայն «մորթվել ու ցեղասպանվել» գիտենք, այլեւ հաղթել:



Ոչ միայն կարող ենք աշխարհով մեկ լաց լինել եւ մեր ցեղասպանությունը ճանաչելու խնդրագրերով հանդես գալ, այլեւ հակառակորդին պարտության մատնել՝ թող որ շախմատի տախտակի մոտ: Ի վերջո, 21-րդ դարում հենց այսպիսին պետք է լինեն հաղթանակները՝ մտքի, խելքի, հնարամտության, տրամաբանության դաշտում: