Ինչքան մարդ, այնքան ընկալում

Ինչքան մարդ, այնքան ընկալում
«Հիմա Տիգրան Սարգսյանին կհանի՞ գործից»,- հարցնում է մեր ընթերցողներից մեկը՝ վստահ, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետին ուղղված նախագահական նախատինքից հետո նրան անպայման պետք է ազատեն աշխատանքից: «Դե, եթե թասիբ ունի, ինքը պետք է դիմում գրի- հեռանա»,- կարծում է մյուս զրուցակիցս՝ համոզված, որ ուղիղ խոսքը հայտնի կենդանուն են ասում: «Դե լավ հա՝ լրիվ պայմանավորված խաղ էր: Երեւի անգամ վարչապետի դեմքի տխուր արտահայտությունն էին նախապես բեմադրել»,- սա էլ հաջորդ զրուցակցիս կարծիքն է, ով պնդում է, որ այս «բեմադրությունն» ուղղված էր հասարակությանը:



Ու Սերժ Սարգսյանն ուզում էր ասել, որ «սիրելիներ» չունի՝ հավասար վերաբերմունք է բոլորի նկատմամբ, այդ թվում՝ երկրի վարչապետի ու կառավարության անդամների: Բայց քանի որ մենք փոքր ազգ ենք, եւ մեզ համար մանրուքներն ավելի կարեւոր են, քան հիմնականը, բոլորը ֆիքսվել են Սերժ Սարգսյանի խոսքի առանձնահատկությունների վրա: Ասենք, ոմանք խիստ վրդովվել էին այն բանից, թե ինչպես էր դիմում կառավարության անդամներին: «Դերո, Սեյրան... էդ ի՞նչ դիմելու ձեւ է: Կամերաների առաջ, ամբողջ երկրով մեկ նախարարին Դերո է ասում»,- վրդովված նշում է մեր մյուս ընթերցողը: Բայց դա էլ չէ կարեւոր, այլ այն, որ մարդկանց մոտ հավատն է մարել:



Ոչ ոք այլեւս չի հավատում, որ երկրում ինչ-որ բան կփոխվի, եւ իշխանության վարքուբարքից, աշխատանքից ու ցանկությունից ինչ-որ բան է կախված: Կառավարության ընդլայնված նիստը՝ նախագահի մասնակցությամբ, բոլորը վերագրել են առաջիկա նախագահական ընտրություններին եւ այն դիտել են որպես դրան ուղղված PR-ակցիա: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն առանձնապես մեծ ջանք թափելու եւ քարոզչություն անելու կարիք ունի, բայց դե, ավել ձայնը փոր չի ծակի՝ մտածում են մարդիկ: