Սուտի մրցանակներ

Սուտի մրցանակներ
Երեկ օրվա վերջին մի ուշագրավ հաղորդագրություն ստացանք Երեւանի քաղաքապետարանից. ինչ-որ անհայտ «Համազգային վստահության խորհուրդ» ազգային մրցանակաբաշխություն է անցկացրել եւ «տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում «լավագույն քաղաքապետ» է ճանաչել Տարոն Մարգարյանին:



Թե սա ինչ կազմակերպություն է, ինչու է որոշել հանրային ծառայողներին մրցանակներ շնորհել եւ ինչու է սկսել «լավագույն քաղաքապետ» ավանակարգից ու հենց Տարոն Մարգարյանից, անհայտ է: Մի փորփրեք ձեր հիշողությունը՝ նման կազմակերպություն եւ առավել եւս նման մրցանակաբաշխություն չեք մտաբերի: Մենք՝ լրագրողներս, համենայնդեպս առաջին անգամ էինք լսում այս «խորհրդի» մասին: Փորձեցինք տեղեկություններ փորփրել համացանցում:



Պարզվեց՝ սրանք հիմնականում գովազդով են զբաղվում, մի «փախած» կայք ունեն, որտեղ տարբեր կազմակերպությունների ռեյտինգներ են որոշում, ասենք՝ առողջապահական հիմնարկների: Հիմա էլ, փաստորեն, որոշել են մտնել քաղաքական դաշտ եւ առանձնացնել Երեւանի քաղաքապետին, որի հասցեին վերջին շրջանում քննադատությունը նկատելիորեն աճել է: Այս անհայտ կազմակերպության հայտարարած մրցանակաբաշխությունը ոչ ոք չէր նկատի, եւ քաղաքապետն էլ կամաչեր գնալ ու նման անհեթեթ մրցանակ ստանալ, եթե արարողությանը հատուկ շուք չտար անձամբ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, իսկ մրցանակն էլ չհանձներ Երեւանի նախկին քաղաքագլուխ, ՀՀԿ համամասնական ցուցակի պատվավոր անդամ Մուրադ Մուրադյանը:



Դժվար չէ վերականգնել դեպքերի հաջորդականությունը. գուցե հենց քաղաքապետի նախաձեռնությամբ է այս մրցանակաբաշխությունը կազմակերպվել: Կամ՝ նախագահականում են հարմար գտել Տարոնի ռեյտինգը բարձրացնել: Բայց որ սա անիմաստ քայլ է եւ պետական իշխանության չկայացածության ապացույց, կասկած չկա: