Բյուջեի եռապատիկի չափ խոստում

Բյուջեի եռապատիկի չափ խոստում
Կիրակի հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Թերեւս միայն Եղեգնաձորում անակնկալ ունեցանք՝ ԲՀԿ թեկնածուն հաղթեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետին: Չնայած բոլոր միջոցները գործադրվեցին, սակայն իշխող կուսակցությունը հաջողության չհասավ: Սա խոսում է ընդամենը մի բանի մասին, որ եթե նրանց դիմաց ինչ-որ մեկը կանգնում է՝ պինդ, վստահ, աներեր, ապա հաղթելն այնքան էլ բարդ չէ:



Հիմա դառնանք, այլ օրինակ բերենք՝ Սեւան քաղաքի օրինակը, որտեղ ՀՀԿ-ն տեռորով ու ճնշումներով հանել տվեց բոլոր թեկնածուներին, եւ չհայտնվեց որեւէ մեկը, որը համարձակություն ունենար մնալու եւ մրցելու հայտնի Ուդոյի՝ Ռուդիկ Ղուկասյանի հետ, որի նկատմամբ սեւանցիք ահավոր վատ էին տրամադրված: Դա երեւում է նաեւ նրա հավաքած ձայներից. 19 հազար ընտրողից՝  7 հազարից մի քիչ ավելի ձայն: Սեւանցիները, ըստ էության, բոյկոտեցին քաղաքապետի ընտրությունները, բայց Ուդոն հաղթեց: Երեկ Սեւանի բնակիչներից մեկը հետաքրքիր հաշվարկ է արել եւ վերլուծել Ռուդիկ Ղուկասյանի նախընտրական խոստումները:



Ստացվել է, որ վերջինս այս տարի Սեւանում 3 մլրդ դրամի ներդրում է կատարելու, մինչդեռ ամբողջ Գեղարքունիքի մարզը տարեկան մոտ մեկ մլրդ դրամի բյուջե ունի: «Ասում է՝ ամբողջ ճանապարհը սարքում եմ, որը մեկ մլրդ արժե: Տանիքները, ասում է, տարեկան եսիմինչքան փոխելու եմ, որն էլի մեկ մլրդ արժե: Մի այդքանի էլ ջեռուցում է ասել, որ կանցկացնի: Եթե մարդիկ տարեկան մեկ մլրդ դրամ են կարողանում ամբողջ մարզին փող տալ, էդ ո՞վ դարձավ Սեւանի քաղաքապետը, որ կարողանա 3 միլիարդ բերի»,- հարցրել է մեր զրուցակիցը:



Ի դեպ, իր նախընտրական հանդիպումների ժամանակ Ռուդիկ Ղուկասյանը հաճախ ակնարկել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ է այդ միլիարդները բերելու քաղաք: