Անանուն նամակի դրդապատճառը վրեժխնդրությու՞նն է

Անանուն նամակի դրդապատճառը վրեժխնդրությու՞նն է
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է Ավանի մի խումբ բնակիչների անունից հրապարակված բաց նամակին` կապված Մխիթարյան կրթահամալիրի հետ: Նախարարը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Ահա և մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերված խոստացված տեղեկությունները «Մխիթարյան» կրթահամալիրի հետ կապված անանուն ահազանգի վերաբերյալ:



1. ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները այսօր եղել են կրթահամալիրում և իրենց լիազորությունների շրջանակներում պարզել են, որ անանուն նամակում բերված երեխաներին խոշտանգելու և բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:



2. Դպրոցը համապատասխանում է հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմաններին:



3. Դպրոցը մասնավոր է, և ոչ մի ծնող պարտավորված չէ այնտեղ ուղարկել իր երեխային: Ծնողները ԿԱՄԱՎՈՐ են ընտրել այդ դպրոցը իրենց երեխաների համար:



4. Միասեռ դպրոց-պանսիոնները ուսումնական հաստատությունների տարածված ձև են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա:



5. Զուգահեռ մենք պարզել ենք, որ նամակն իրոք ԱՆԱՆՈՒՆ Է: Այն առաջինը ստացած ԶԼՄ-ն չունի և ոչ մի հստակ կոորդինատ, ազգանուն, ստորագրություն, հեռախոս. նամակը իբր ստորագրված է Ավանի բնակիչների կողմից:



6. Մեր ունեցած տեղեկություններով անոնիմկայի իրական հեղինակը բնակվում է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում, որ ոչ մի կապ չունի կրթահամալիրի հետ:



7. Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով:



8. ՀՀ ԿԳՆ-ն այլևս չի զբաղվելու և չի արձագանքելու անանուն հաղորդագրություններին և ահազանգերին:



9. ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապագայում ևս օպերատիվ արձագանքել դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերի մասին արժանահավատ, հավաստի և հստակ տեղեկություններին:



Եվ վերջում: Որքանո՞վ է բարոյական անձնական տարաձայնությունները և աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու և հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության և ազնվության վրա խաղալու եղանակով»: