Ավագանու երկրորդ տեղի համար չարժե քաղաքական «պենուար» հագնել

Ավագանու երկրորդ տեղի համար չարժե քաղաքական «պենուար» հագնել
Ավագանու ընտրություններից առաջ Ժառանգությունը կրակահերթ է բացել ՀԱԿ-ի տարածքում: Փոխհրաձիգը ժառանգական Ռուբեն Հակոբյանն է, ով Գեղարքունիքում հանրահավաքի ժամանակ ասել էր «մեր մեջ թուրք կա, որը մեր միջից պետք է հանել»…



 



Եվ հետո մի ողջ ամիս, նա բացատրում էր, թե թուրք ասելով ինչ է նկատի ունեցել… Մինչեւ այսօր էլ Ռուբենը հավանաբար չի ընդունում, որ նման արտահայտությունը ինչ իմաստով էլ ասվեր, ում հասցեին էլ շպրտվեր, կոռեկտ չէր, ներելի չէր, դիվանագիտական չէր, հյուրին սազական չէր, քաղաքական չէր… Ինչեւէ, անհատապես նա իր պատասխանը դրա համար ստացավ, բայց դաս առնելու փոխարեն, որոշեց այն հանրայնացնել, լայն սֆերայով օգտագործել… Լսենք նրան. «Լեւոն Տեր Պետրոսյան, այն տասը զոհերը, որոնք եղան 2008թ.–ի մարտի 1–ին, նրանց մանկության երազանքը չէր, որ Ձեզ լսեին, հավատային, Ձեր կողքին կանգնեին, եւ ամենավճռական պահին դուք թաքնվեիք Ձեր չորս պատերի մեջ եւ դեպի գնդակահարություն ճանապարհեիք այդ երիտասարդներին»:



 



Դա ի հակադարձումն է Առաջին նախագահի ՀԱԿ համագումարում արված քաղաքական հայտարարության, թե իր մանկության երազանքը չէր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելը: Հայտարարությունը զուտ քաղաքական էր,  դա Առաջին նախագահի քաղաքական մոտեցումն էր: Ժառանգությունը կարող էր համարժեք պատասխան տալ, հարմար առիթ էր՝ ինչ որ չափով թեթեւացնելու մեղադրանքների բեռը, որը պատճառ էր դարձել, որ հանրությունը երես թեքի նրանից… Բայց «հայի մեջ թուրք տեսնող» Ռուբեն Հակոբյանը մորեմերկություն է դրսեւորում… Նա խփում է ամենացավոտ, ես կասեի, հայ ժողովրդի համար ամենացավոտ կետին՝ մարտի մեկին ու միաժամանակ բացում Ժառանգության կնքապորտը…  Համլետ Կիրակոսյանն  իր ֆեյսբուքյան էջում միանգամայն տեղին կերպով նկատում է. «Այն, ինչ անցած հինգ տարիներին չէր հաջողվում իշխանությանը՝ մարտի 1-ի մեղքն ու սպանությունները բարդել Կոնգրեսի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, այժմ փորձում է անել ժառանգական Ռուբիկ Հակոբյանը: Եթե նա դժգոհ է մնացել ու վիրավորվել Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարություններից, կարող էր համարժեք պատասխաններ տալ, այլ ոչ թե աբսուրդի ու անհեթեթության հասնող նման եզրակացություններ անել, ինչից եփած հավերի ծիծաղն էլ է գալիս...»:



 

Ահա թե ինչու  այս տարվա մարտի մեկին իրեն այդքան ակտիվ դրսեւորեց Ժառանգությունը: Հարկավոր էր դուրս մղել Լեւոնին ու նրան կանգնեցնել ոչ թե զոհերի, այլ դահիճների կողքին… Սա ծրագի՞ր չէր… Մարտի մեկը դահճի սլաքն ուղղել Առաջին նախագահի վրա, դավաճանությու՞ն, սեփական խղճի բացակաությու՞ն չէ… Սա Ժառանգության վերջնական դիմակազերծու՞մ չէ… Էլ ի՞նչ է պետք համոզվելու, որ  Ժառանգությունն իջեցված դեսանտ է… Գուցե ՀԱԿ-ի դեմ Ժառանգության պայքարն ամբողջանա, երբ Ռուբեն Հակոբյանի պատմական այս խոսքերն էլ մեջբերենք. « Այսօր ընդդիմադիր դաշտի թիվ մեկ պառակտողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ միշտ էլ այդպես է եղել»:



 

Մնում է ասել՝ ի զեն, քրքրենք Լեւոն Տեր Պետրոսյանին, ոչնչացնենք, փոշիացնենք նրան: Նրա ոչնչացումից է կախված Ժառանգության առաջխաղացումը… Առաջին նախագահի քաղաքական մեկուսացումից է կախված ընդդիմադիր դաշտի բռնազավթումը, ի զեն, ի զեն… Մի՞թե կարելի է այդքան պարզ խաղալ… Ժառանգությունը քաղաքական դաշտում թափանցիկ «պենուար» է հագել, ու ողջ եղած-չեղածը, ինտիմը երեւում է… Եթե կարող եք, մի քիչ փակ խաղացեք, լրիվ ծաղրուծանակ մի դարձեք… Ավագանու երկրորդ տեղի համար չարժե քաղաքական «պենուար» հագնել…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ