Ընդդիմությունը բողոքներ է ներկայացրել ԵԽ Գլխավոր քարտուղարին

Ընդդիմությունը բողոքներ է ներկայացրել ԵԽ Գլխավոր քարտուղարին
Այսօր՝ ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:



 



ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցեց իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի եւ ընտրությունների որակի, խոսեց 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված իր՝ մինչ օրս անարձագանք մնացած դիմումի հարցը: Պատգամավորը դեռ մեկուկես տարի առաջ էր հանձնակատարին ուղարկել Ադրբեջանում պետական մակարդակով ու դասագրքերում հայատյացություն քարոզելու մասին փաստեր: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր անհամաձայնությունը հայտնեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ փաստելով Ընտրական օրենսգիրքը փոփոխելու, մասնավորապես ընտրատեղամասերում վերահաշվարկներ կատարելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը:



 



ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի առաջընացը ԵԽ Գլխավոր քարտուղարի նախորդ այցից հետո ակնհայտ է, 2010 թ.-ի եւ ներկա իրավիճակներն անհամադրելի են: Նա նշեց, որ խորհրդարանում իր կուսակցությունը ներկայացված է 53 տոկոսով, եւ ընդդիմությունը բավական մեծ ներկայություն ու լիազորություններ ունի օրենսդիր մարմնում:



 



ԵԽ Գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ էլ ավելի կսերտանա: