Իրենք իրենցով, մենք էլ՝ մեզնով

Իրենք իրենցով, մենք էլ՝ մեզնով
Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի անունից երեկ հայտարարություն տարածվեց՝ ազդարարելով Կոնգրեսի կազմից դուրս եկած ուժերի վերակազմավորման մասին:



 



«Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին՝ վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ, որը տարակուսանք առաջացրեց, քանզի ՀԱԿ կուսակցության ձեւավորումից հետո, թվում էր՝  Կոնգրեսն անցել էր պատմության գիրկը:



 



Նորաստեղծ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցության արձագանքը չուշացավ: ՀԱԿ լրատվական ծառայությունը հայտարարեց, որ տարածված հայտարարությունը կեղծ է. «Հայ ազգային կոնգրեսի անունից որեւէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:… Որեւէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով»: Ամեն դեպքում, դաշինքի կազմից դուրս եկած մի քանի կուսակցություններ երեկ հանդիպում են ունեցել ԺՈՒԿ-ի գրասենյակում, որից հետո էլ տարածել են վերը նշված հաղորդագրությունը:



 



Քննարկմանը մասնակից «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը մեզ հետ զրույցում դաշինքի վերակազմավորումը որեւէ հանգամանքով չպայմանավորեց: Նրա խոսքով, իրենք վաղուց նման ցանկություն ունեին, պարզապես սպասում էին, որ ավարտվի ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու, ՀՀՇ-ն լուծարելու գործընթացը, որից հետո արեցին իրենց քայլը: «Արձանագրվեց նոր կուսակցության ստեղծումը, պարզվեց, թե ովքեր են, մենք էլ որոշեցինք, հավատարիմ մնալով մեր նախկին խոստմանը, պահպանել դաշինքը, վերսկսել մեր գործունեությունը՝ համագործակցելով դուրս եկած մյուս ուժերի հետ»,-ասաց Գիմիշյանը: Համախմբման կոչից հետո, Գիմիշյանի խոսքով, իրենք պատրաստվում են պաշտոնապես հանդիպել կուսակցությունների հետ, զրուցել եւ հուսով են, որ կուսակցությունների գոնե մի մասը կվերադառնա, ու միասնաբար կփորձեն ավելի ծանրակշիռ ուժ դառնալ: Կարելի՞ է ասել, որ դուք ՀԱԿ կուսակցությանը հակակշիռ ուժ եք ուզում ստեղծել՝ հարցրինք: «Չէ, մենք ՀԱԿ-ին հակակշիռ չենք ուզում լինել: Ընդհանրապես այդպիսի նպատակ չունենք: ՀԱԿ կուսակցությանն իր գործունեության մեջ հաջողություն ենք մաղթում: Իրենք իրենցով, մենք էլ՝ մեզնով: Իրենք մեկն են, մենք հույս ունենք ապագայում 10-15 կուսակցությունով համախմբվել»:



 



Եթե դուրս եկած կուսակցությունները կրկին համախմբվեն, ձեր ակտիվացումն ի՞նչ ձեւով կդրսեւորվի՝ հանրահավաքա՞յին, թե՞ այլ մեթոդներով՝ հետաքրքրվեցինք: «Այդ բոլոր հարցերի պատասխանը մենք կունենանք, երբ կհստակեցվի ամբողջական կազմը: Կձեւավորվի կազմը, այն ժամանակ էլ կորոշենք եւ ռազմավարությունը, եւ մարտավարությունը: Բայց մի բան ակնհայտ է. մենք փորձելու ենք իրականացնել այն նպատակները, որոնք չհաջողվեց իրականացնել այս 5 տարիների ընթացքում»,-ասաց Գիմիշյանը: Ինչ վերաբերում է դաշինքի անվանմանը, ասաց, որ կազմը հստակեցնելուց հետո կքննարկեն նաեւ այդ հարցը: «Ճիշտ է, որոշ խառնաշփոթ առաջանում է անվան հետ կապված, բայց դա մեր մեղքով չէ, այլ այն կուսակցության, որը 5 տարվա շարժման անունը վերցրեց: Բայց դա արդեն կարեւոր չէ, ունենք այն, ինչ ունենք»: Նշենք, սակայն, որ ՀԱԿ-ի կազմից դուրս եկած «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը երեկ արդեն ասել էր, որ իրենք որեւէ նպատակ չունեն վերադառնալ դաշինք: