Գենետիկ փոփոխությունների շեմին

Գենետիկ փոփոխությունների շեմին
«Մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ»,-երեկ Ազգային ժողովում ժողովրդագրական վիճակին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ արտահայտելով իր մտահոգությունները եւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվելով՝  կա՞ Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն:



 



Պաշտոնակատարն անտեղյակ զարմացել է՝ թե  Հայաստան որեւէ երկրից սերմնահեղուկ չի ներկրվում. «Մեր հանրապետությունում նման բան չի կատարվում, առաջին անգամ եմ լսում այդ մասին»: «Ես անպայման կուղարկեմ  գրությունը Ձեզ, որը մեզ է ուղարկել Մաքսային ծառայությունը, որտեղ նշվում է, որ մեծ քանակի սերմնահեղուկ է ներմուծվել Հայաստան Իսրայելից: Ես Ձեզ հորդորում եմ, որ ուսումնասիրեք եւ մեզ էլ տեղեկացնեք` իրականացվո՞ւմ է նման ծրագիր Հայաստանում, որքա՞ն քաղաքացի է օգտվել այդպիսի ծրագրից, եւ արդյո՞ք անվտանգ է դա»,- պնդել է Արծվիկ Մինասյանը: Դաշնակցական պատգամավորի բացահայտումը երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ոմանք այս նորությունն ընդունել էին որպես հարված գոտկատեղից ներքեւ եւ վիրավորված պատվախնդրությամբ բողոքում էին. «Ինչ է, Հայաստանում բոլորն իմպոտենտ են եւ հրեաների սերմնահեղուկների կարո՞տ»: Պակաս հայավարի մտածողներին էլ անհանգստացնում էր. «Հայկական գեները փոխում են հրեականով, այսինքն՝ ազգն են փոխում»: