ԲՀԿ-ին սատարում էին նաեւ աբովյանցի դպրոցականները

ԲՀԿ-ին սատարում էին նաեւ աբովյանցի դպրոցականները
Ավագանու ընտրությունների կուլմինացիան վերջին օրերի հանրահավաքներն են: Երեկ Ազատության հրապարակում էր ԲՀԿ-ն: Պետք է երեւանցիներին ապացուցեին, որ իրենք հզոր են, հրոտ, հրածին:



 



Ամեն ինչ արվել էր, որ տպավորիչ զանգված հավաքվեր, բայց, ավաղ, սպասելիքներն այնքան էլ չէին իրականացել, հրապարակը լեցուն էր կիսով չափ: Նույնիսկ  էներգետիկ շունչ հաղորդելու նպատակով նախնական հավաքատեղին հայտարարվել էր Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը, որտեղից պետք է հաղթական շարժվեին դեպի Օպերա, սակայն, պարզվեց, այստեղ ընդամենը հանդերձարանն էր՝ ԲՀԿ-ի կարգախոսով  «մայկաներն» ու գլխարկները հագնելու վայրը: Բայց քչերն էին եկել այստեղ, ու շարժը եղավ միայն այն ժամանակ, երբ «մայկաներով» ու գլխարկներով զուգված, մագնիտոֆոնից հնչող «Հզոր Դաշնակցություն» երգի ներքո շարժվեցին դեպի հրապարակ: ԲՀԿ-ականները հանկարծ հասկացան, որ երգն իրենցը չէ, վազեցին դեպի մագնիտոֆոնն ու լռեցրին մրցակցի հզորությունը գովերգող երաժշտությունը: Իսկ հրապարակը մրցակից ուժերի հանրահավաքներից տարբերվում էր դեկորացիայով: Արեւի տակ խանձվող ժողովրդից ԲՀԿ-ական ղեկավարությունը տարանջատվել էր թագավորական օթյակով: Հարթակը հատուկ այնպես էին սարքել, որ նրանց գլխում ծագող գաղափարներն ու պայծառ մտքերը արեւի շողերը չբթացնեին: Արքունիքը, հովին պատսպարված, վայելում էր իր «ընտրողների» բուռն երկրպագությունը:



 



Ուշագրավն այն էր, որ դե ֆակտո ընդդիմադիր ԲՀԿ-ի հանրահավաքում, ինչպես իրենց կողմից բուռն քննադատվող իշխանության, կային դպրոցականներ: Եթե Ավանում Տարոնի համար եկել էին Ավանի մանկապարտեզների ու դպրոցների սաները, ապա Օսկանյանի թասիբին տարբեր համայնքների դպրոցների սաներն էին ու մանկավարժական կոլեկտիվները: Խմբված պատանիներից հետաքրքրվեցինք, թե քանի տարեկան են ու ինչու են մասնակցում հանրահավաքին: Ասացին, որ Աբովյանի թիվ 10 դպրոցից են: Հասկանալով, որ երեխաներին բերողները մանկավարժներն են, խնդրեցինք ցույց տալ որեւէ մեկին: Երեխան մատնացույց արեց ընկեր Բաղդասարյանին, ով 40-ին մոտ տղամարդ էր: Ընկեր Բաղդասարյան Աշոտը մանկավարժական կոլեկտիվով վայելում էր ելույթները: Երբ հարցրինք, թե ավագանու ընտրությունները վերաբերում են Երեւանին, ինչո՞ւ են Աբովյանից հասել այստեղ, ասաց. «Ոչ միայն Երեւանին, սա արտոնված հանրահավաք է, եւ հանրապետության ցանկացած տեղից կարող են գալ, որն արտոնված է, կրկնում եմ»: Այսպես բացատրեց իր այցի նպատակը արագախոս ընկեր Բաղդասարյանը:



 



Իսկ աշակերտներին ինչո՞ւ եք բերել՝ հարցրինք: Նա տեղում արագ հասկանալով, որ իր արածը լավ բան չէ, անմիջապես հրաժարվեց սաներից. «Դուք հիմա անպատասխանատու հայտարարություն եք անում, մենք աշակերտ չենք բերել, Դուք պիտի հիմնավորեք»: Տեղեկացրինք, որ աշակերտներն են ասել: Մեզ ստիպեց  մատնացույց անել «մատնողներին»: Այդ ժամանակ նրա կողքի ուսուցիչները միջամտեցին, թե՝ «մենակ մանկավարժներով ենք եկել, աշակերտ չենք բերել»: Թեեւ  հասկանալի էր, որ խեղճ երեխայի «վայն» եկել է, բայց մատնացույց արեցինք ու ընկեր Բաղդասարյանին հարցրինք` ովքե՞ր են այս երեխաները: «Ես չեմ ճանաչում»,- իրեն կորցրած, հոխորտաց նա` սպառնալից նայելով պատանիների վախվորած դեմքերին: Երեխաները կարկամել էին ու չգիտեին ինչ դիրք բռնեին: Ապա ընկեր Բաղդասարյանը մոտեցավ մի ակնոցավոր տղայի ու մի քանի ցուցումներ տվեց: Մինչ այդ, երեխաներն ասել էին, որ ակնոցով տղան իրենց վարիչն է, ով կազմակերպել է այցը Երեւան: Թե այսօր դպրոց մտնելով` ընկեր Բաղդասարյանն ու նրա կողքին կանգնած ուսուցչուհիներն ինչ երեսով են նայելու աշակերտներին կամ ինչպես է մեկնաբանելու իրենց խայտառակ վարքը, պարզ չէ, սակայն հույս ունենք, որ գոնե այնքան պարկեշտություն կունենան, որ երեխաներին չեն ճնշի:



 



ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ԱՅՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ



 



Անցնելով հանրահավաքի բովանդակությանը` նկատենք, որ ծափերն ու վանկարկումները հնչեցին միայն Ծառուկյանի ելույթի ժամանակ: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ձայնը խզվել էր  Ծառուկյանին հնարավորինս բարձր ու հնչեղ քծնելու ճիգերից: Նա իրեն շոումեն էր զգում եւ քաղաքական հանրահավաքը վերածել էր իսկական շոուի: Սկզբում հրավիրեց ավագանու ցուցակի թոփ եռյակին: Նկատենք, որ ամենից ոգեւորվածը ցուցակի 4-րդ համարն էր` Վայոց Ձորի նախկին մարզպետ  Սերգեյ Բագրատյանը, ով, ինչպես գրվել է, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նա մեղադրվում է 9 միլիոն դրամի յուրացումների մեջ: Ապա բարձրախոսին մոտեցավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու մի շնչով դատարկեց սիրտը` նորից ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության: Հետո ընտրողներին իր ասելիքը փոխանցեց նաեւ Վարդան Օսկանյանը` մռայլ ու գիսախռիվ մոտենալով խոսափողին: Օսկանյանի ելույթն այդքան էլ դուր չեկավ ներկաներից մեկին, մի կին նյարդայնացած նետեց. «Տո քիչ խոսա, էլի»: Սակայն մի մարդու պես ունկնդրեցին Գագիկ  Ծառուկյանին ու գնացին քայլերթի: