Րաֆֆին եւ ռեալիզմը

Րաֆֆին եւ  ռեալիզմը
Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախկին մասնաշենքի մեր լսարանից պարզորոշ երեւում էին հարակից շենքերի տնտեսական պատշգամբները՝ հայաթի կողմի բալկոնները, ինչպես ասում է ժողովուրդը:



 



Այդ շենքերում հիմնականում ապրում էր խորհրդային ժամանակների չափանիշներով՝ էլիտար հասարակություն, եւ մենք, տարվա շոգ ժամանակներին, հաճախ էինք ականատես լինում խնամված տանտիկինների դուրսուներս անելու պահերի: Ինչպես հետո պարզվեց, ոչ միայն մենք՝ ուսանողներս էինք աչքի պոչով հետեւում նրանց, այլեւ մեր դասախոսները, ովքեր անընդհատ մեր ուշադրությունը հրավիրում էին իրենց դասախոսությանը: Եվ ահա, թե ինչ պատահեց մի անգամ: Հարգարժան պրոֆեսորը, որ փորձում էր մեզ բացատրել ռեալիզմի եւ ռոմանտիզմի տարբերությունը, մի այսպիսի օրինակ բերեց. «Եթե ես թռչեմ հինգերորդ հարկից, ընկնեմ ներքեւ ու շան փայ լինեմ, դա կլինի ռեալիզմ, իսկ եթե ես այս պատուհանից թռչեմ եւ ընկնեմ ա՛յ, այն բալկոնը, դա կլինի ռոմանտիզմ, հասկացա՞ք»: Մենք, իհարկե, շատ արագ նայեցինք այն բալկոնի ուղղությամբ ու ծիծաղեցինք, բայցեւ հստակ յուրացրինք նշված երկու հասկացությունների՝ ռոմանտիզմի եւ ռեալիզմի «բուն» տարբերությունը:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը, ավաղ, ուսանողության տարիներին մեր դասախոսի պես դասախոս չի ունեցել: Այլապես... Խոսելս էլ չի գալիս, չգիտեմ ոնց ասել: Այլապես նախագահական ընտրություններին չէր առաջադրվի կամ առնվազն այնպես կաներ, որ առաջադրվեր որպես ընդդիմության միասնական թեկնածու: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դեռ այն ժամանակ իմանար, որ ընթացքից նախագահական ընտրություններին չեն առաջադրվում, եւ որ դա ամենամաքուր ռոմանտիզմ է: Բայց չգիտեր ու թռավ հինգերորդ հարկից... Ճախրեց Րաֆֆին խիստ մրցակցային թեկնածուի դափնիների վրա: Ձեռքով բարեւեց հայ ազգի կեսին, մարզերում փոթորիկ արեց, Մեղրիից տվեց-հասավ Տավուշ, Տավուշից՝ Շիրակ, սարերի քամու պես խուժեց զանազան հրապարակներ, վարսավիրանոցներ, խանութներ եւ այդ ամենի արդյունքում ստացավ բազմաթիվ ձայներ: Ու Րաֆֆի Հովհաննիսյանին թվաց, թե այդ ձայներն իրենն են, ու ինքն ընկել է դիմացի բալկոնը: Էլ չպատմենք, թե հետո ինչեր եղան: Ասենք միայն, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եկավ ու փչացրեց ամեն բան:



 



Անցած Մայիսի 1-ը «Ժառանգության» ղեկավարը դեռ շատ կհիշի: Մի քիչ սառը ցնցուղ, եւ փետուրե բարձերի վրա թռիչքն ընդհատվեց: Նրա հայացքի դիմաց նույն Ազատության հրապարակն է՝ ափեափ դատարկ, որտեղ մի քանի յուրային ու մի փոքրիկ սրճարանի հաճախորդների չափ մարդ է ճմլկոտում միայն: Մեկ հատ կորած կոշիկ եւ այդքան էլ տրորված քիթ. ահա այն ամենը, ինչ մնաց Րաֆֆի Հովհաննիսյանի ռոմանտիզմից: Նա մայիսի 1-ին միայն հասկացավ, որ իրականում հինգերորդ հարկից թռել ու, ներողություն, շան փայ է եղել: Լիահույս եմ, որ մայիսի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես հասկացավ, թե ինչ է ռեալիզմը:



 



Մի նեղացեք, հարգելի ժառանգականներ, այս տողերի համար: Այդ մենք ենք ձեզնից անչափ նեղացած: Մենք՝ այն հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր ձայն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հավատալով նրա՝ ընդհուպ մինչեւ ավանտյուրիստական ռոմանտիզմին, որ նա հյուսում էր նոր Հայաստանի, Րաֆֆու Հայաստանի, հայ ժողովրդի Հայաստանի մասին: Այդ ամենն ընդամենը մեկ օրում, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 9-ին, հօդս ցնդեց, ինչպես երազն է ցնդում, երբ մարդն արթնանում է անհանգիստ քնից:



 



Այսքանից հետո ի՞նչ կարելի է ասել տարվա կարեւորագույն իրադարձության՝ նախագահական ընտրությունների մասին: Երեւի ծիծաղելն է ճիշտ: Երկու «դերասանի» թատրոն, ներկայացում, որտեղ մեկը ծայրահեղ ռեալիստ է, մյուսը՝ նույնքան ռոմանտիկ: Որտեղ մեկն ատոմային ռումբ ունի, իսկ մյուսը զինված է բացառապես իր պապի խանչալով, բայց դերի մեջ հայ-հայ է՝ հաղթում է: Եվ այս ամենով հանդերձ՝ մի թատերասեր հասարակություն, որ, ապուշ կտրած, հետեւում է նրանց խաղին:



 



Վարագույր: Ծափեր: Օվացիա: Խոնարհում: Ծաղիկներ: Այս ամենը կրկնվում է մի քանի անգամ: Բրավո՛... Բի՛ս... Այնքան, մինչեւ իր ոտքով գալիս է ռեալիզմը՝ Վլադիմիր Գասպարյանը, եւ կանգնում երկուսի արանքում: Սառը ցնցուղ: Դահլիճը լռում է: Ո՞վ կհամարձակվեր ոստիկանապետի ներկայությամբ գոռալ՝ հետ տվեք մեր փողերը...



 



Երեւի դրա կարիքն էլ չկար:



 



Ընտրությունը մեռավ, կեցցե ընտրությունը: Մայիսի 5-ին Երեւանի ավագանի ենք ընտրելու: Այստեղ արդեն ռոմանտիզմ չկա: Կա շատ փող: Հասարակության մեջ էլ շշուկներ կան՝ այս մեկը փող է տալիս այս օրը, հաջորդ օրը մյուսի հերթն է: Անուններ չտանք, թե ովքեր են փող բաժանում: Ասենք՝ ինչ ավելորդ գաղտնապահություն ենք անում, փողն էլ ո՞վ կբաժանի:



 



Մի խոսքով, հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան, ուրախ ենք Ձեզ երկրի վրա տեսնելու համար: Այսքան ռեալիստական...



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ