«Մաքուր» իրավահաջորդի օպերացիան կարող է ձախողվել

«Մաքուր» իրավահաջորդի օպերացիան կարող է ձախողվել
Երեւանի ավագանու ընտրություններով փակվում է հերթական ընտրաշրջանի մի ցիկլ եւս: Եվ մինչ առաջիկա 3-4 տարիներին հայ հանրությունը կազատվի շռայլ ընտրախոստումներով եւ ընտրական մառազմով ծանրաբեռնված փուլից, իշխանության համար ամեն ինչ ընտրություններից հետո է սկսվելու:



 



Սերժ Սարգսյանը, ով ապրիլի 9-ին մտավ պաշտոնավարման երկրորդ՝ վերջին փուլ, արդեն կանգնել է իրավահաջորդ գտնելու դժվարին խնդրի առջեւ: Այս տարիների ընթացքում հավանական թեկնածուների բազում անուններ են հնչել՝ Միքայել Մինասյան, «գազի» Կարեն Կարապետյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արթուր Բաղդասարյան եւ ուրիշներ, բայց փորձագիտական շրջանակներն «անլուրջ եւ անհնարին» են համարում չորս տարի առաջ իրավահաջորդի անունը հնչեցնելը: «Հայաստանի տիպի երկրներում նույնիսկ ընտրություններից առաջ վերջին կես տարվա ընթացքում է անհնար լինելու ասել, թե ով է լինելու իշխանության կամ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեր երկրի «տիպն» այսպես ներկայացնելով:- Մենք օրվա կուրսով ապրող երկիր ենք՝ ցավոք սրտի, եւ նման տիպի երկրում հնարավոր չէ 4 տարի առաջ ասել, թե ով կարող է լինել իրավահաջորդ, դա պարզապես անհեթեթություն է»:



 



Ռոբերտ Քոչարյանն էլ էր իր ժամանակին կանգնած այս դժվարին խնդրի առաջ, սիամական երկվորյակի համարում ունեցող Քոչարյան-Սարգսյան զույգը ժողովրդի համար մեծ հաշվով մեկ անձ էր ընկալվում, եւ 2005-2006 թթ. գրեթե անհնար էր թվում Սերժ Սարգսյանին անցողիկ իրավահաջորդ դարձնելու հեռանկարը: Ասում էին, որ Քոչարյանն ինչ-որ պահի հակված է ընտրել իր արտգործնախարարին՝ Վարդան Օսկանյանին, բայց եղավ այն, ինչ եղավ, ու իշխանության վերարտադրությունը, համենայնդեպս նույն իշխանության համար, բարեհաջող ավարտվեց: Ուրեմն ո՞րն  է Սերժ Սարգսյանի ժառանգորդի ընտրության բարդությունը: «Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ հայտնի էր Սերժ Սարգսյանի դերակատարումը, այսինքն՝ բոլորը հասկանում էին, որ երկրի երկրորդ մարդը Սերժ Սարգսյանն է (թեպետ ինքն  այդպիսին էր ոչ ի պաշտոնե, կար ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ): Եվ տրամաբանական է, որ հենց Սերժ Սարգսյանը պետք է հաջորդ նախագահը լիներ,- հիշեցնում է քաղաքագետ Բոզոյանը՝ միաժամանակ նկատելով:- Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մինչեւ 2007թ. պարզ չէր, թե ով կլինի Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդը: Ի վերջո, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը դարձավ այն ժամանակ, երբ 2007թ., Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ինքը դարձավ վարչապետ, իսկ ՀՀԿ-ն այն ժամանակ բավական տպավորիչ ցուցանիշներ ապահովեց իր համար, եւ նա ժառանգեց ժառանգորդի տիտղոսը»:



 



Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ընդգծված, վառ քաղաքական ընդդիմություն չկար, իշխանությունն էլ ավելի պինդ էր, տնտեսական վիճակը՝ կայուն, համաշխարհային տնտեսության վիճակը՝ բարվոք, միայն այդ պատճառով իշխանությունը կարողացավ իր մարդուն ժառանգորդ սարքել. «Բայց այսօրվա պայմաններում, երբ իշխանության վիճակը բավականին ծանր է, սոցիալ-տնտեսական վիճակը՝ նույնպես, եւ Հայաստանի կարգավիճակն ընդհանուր առմամբ թուլացել է աշխարհաքաղաքական   գործընթացներում, ես կարող եմ պնդել, որ հաջորդ նախագահը չի կարող լինել մաքուր ժառանգորդ: Այսինքն՝ միգուցե չկարողանա մաքուր ձեւով հաղթել, բայց նաեւ ասել, որ մաքուր ժառանգորդը կարող է նախագահ դառնալ, այս պահի դրությամբ ես չեմ կարող նման բան ասել»: «Մաքուր ժառանգորդ» ձեւակերպումն այն է, որ իշխանությունն ում ուզենա, նրան էլ անցկացնի:



 



Սա մի հարց է, որը կախված է, թե առաջիկա չորս տարիներին ինչպիսի քաղաքականություն է Հայաստանում վարվելու, ինչ պրոցեսներ են ընթանալու: «Ներքին ինտուիցիա կա, որ Հայաստանը հայտնվելու է լճացման ժամանակաշրջանում, այսինքն՝ ճգնաժամը խորանալու է բոլոր ոլորտներում, եւ այս պարագայում ասել, որ Հայաստանում կարող է հաջողել «մաքուր ժառանգորդ» օպերացիան, ես ձեռնպահ կմնամ նման գնահատականից»: Ընդդիմադիր դաշտի վերաձեւումներից էլ է մեծապես կախված այս խնդրի լուծումը: Կկայանա՞ առաջիկա տարիներին ընդդիմադիր դաշտը, թե՞ ոչ, ինչքա՞ն հզոր կլինի ընդդիմությունը. սրանք բոլորը հանգամանքներ են, որոնք անդրադառնալու են իրավահաջորդի ընտրության վրա: Քաղաքագետը Հայաստանի առաջիկա տարիների հավանական կուրսի մի քանի վարկած է ներկայացնում.



 



«1. Հնարավոր է Հայաստանի քաղաքական դաշտն այնքան ուժեղ կայանա, այնպիսի ուժեղ ընդդիմադիր բեւեռ կայանա, որ իշխանությունները նույնիսկ չկարողանան առաջիկա չորս տարիները մարսել:



 



2. Հնարավոր է, որ ընդդիմադիր դաշտը չկայանա, մարդիկ հոգնեն, եւ այնքան փլուզում լինի, որ իշխանությունն ինչ ուզենա, կարողանա անել:



 



3-րդ տարբերակ. Հայաստանն այնքան թուլանա, որ աստված չանի՝ պատերազմ լինի, եւ շատ վատ վիճակում հայտնվենք»: Նրա կանխատեսմամբ, այնուամենայնիվ, Հայաստանում առաջիկա տարիները ծանր եւ դժվար են լինելու բոլոր առումներով, եւ բոլորիցս է կախված, թե Հայաստանի նաեւ քաղաքական դաշտն ինչ ուղղությամբ կզարգանա: Իսկ այսօրվա շրջանառվող անուններից ո՞րն ամենամեծ շանսերն ունի: «Չորս տարի առաջ անուններ հնչեցնելը դատարկ խոսակցություններ են: Ես կարող եմ եւս բազում անուններ նշել, բայց դրանք դատարկ խոսակցություններ են, չորս տարի հետո լրիվ իրավիճակ կարող է փոխվել, եւ բոլորովին նոր մարդիկ գան»: Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է դառնալ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, եւ կրկնվի Ռուսաստանի տարբերակը: «Քանի որ Հայաստանի պրոցեսները ամենաանկանխատեսելի պրոցեսներով են գնում, կանխատեսում անել, թե որ ճանապարհով կարող է գնալ, ուղղակի անշնորհակալ գործ է: Եթե մենք պատկերացնեինք, թե երկիրը զարգացման որ ճանապարհով է գնալու, գուցե մոտավորապես պատկերացնեինք, թե տվյալ սցենարում որ թեկնածուն ավելի հարմար կլինի՝ Տիգրան Սարգսյա՞նը, Վարդան Օսկանյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե, ասենք, Կարեն Կարապետյանը կամ մեկ ուրիշը»: Առաջիկա տարիներին թերեւս պարզ կդառնա: «Եթե մարդիկ այսպիսի տեմպերով փախնեն, երկիրն օր օրի թուլանում է, դեմոգրաֆիկ կատաստրոֆան կբերի նաեւ բոլոր ոլորտների կատաստրոֆայի: Եվ թե հետագայում ուր կհայտնվենք այս պարագայում, դժվար է ասել»: