Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ.Նազարյանը իր եղբոր` Կ.Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա.Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ԱԳԲ տեսուչ Ա.Շահենյանի, ՊԲ տեղամասային տեսուչ Ա.Հակոբյանի, ՊՊԾ դասակի ոստիկան Կ.Ալեքսանյանի և հերթապահ մասի վարորդ Վ.Եփրեմյանի հետ:



Չենթարկվելով իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախաքննության տվյալների համաձայն, Նազարյան եղբայրները բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել իրավապահներին, հայհոյել, իսկ Գ. և Կ.Նազարյանները նաև սպառնացել են, որ տեսուչ Ա.Շահենյանի հաշվեցուցակային զենքը կվերցնեն և դրանով նրան կվնասեն:

Բացի այդ, բերման ենթարկելու օրինական գործողություններին դիմադրելու նպատակով Նազարյանները հարվածել են ոստիկանության աշխատակիցներ Կ.Ալեքսանյանին և Ա.Շահենյանին, պոկել վերջինիս ուսադիրը և թևի տարբերանշանը:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ., Կ., և Ա.Նազարյաններին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:



Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: