Երևանի գինու գործարանի թափոնները լցվում են Հրազդան գետ

Երևանի գինու գործարանի թափոնները լցվում են Հրազդան գետ
Երևանի գինու գործարանի արտադրական թափոնները լցվում են Հրազդան գետը: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց տարածքում ապրող բնակիչը:«Ես ձկնորսության սիրահար եմ և  հաճախ եմ Հրազդան գետում ձկնորսություն անում: Արդեն 4-5 ամիս է նկատում եմ այսպիսի երևույթ՝  գինու գործարանի արտադրական թափոնները լցվում են Հրազդան գետը: Առաջ, թե գալիս էի, տեսնում էի ձկնային պաշարը, հիմա տեսնում եմ, թե արտադրական թափոնները ինչպես են լցվում Հրազդան գետը և ազդում ամբողջ էկոհամակարգի վրա: Այդ եռման աստիճանի փլուշը՝ արտադրական թափոնը, երբ որ լցվում է Հրազդան գետը, ամենուր երևում են սատկած ձկներ: Ամեն օր գիշեր-ցերեկ բաց են թողնում, մեկ հոսքը ուժեղանում է, մեկ թուլանում: Գալիս է մի փրփուրանման զանգված, որը ամբողջ գետի  գույնը փոխում է, դարձնում՝ սպիտակ: Երևի ամաները լվանալուց, կաուստիկ սոդան է, ինչ է, գալիս,  լցվում է Հրազդան գետը»,- ԷկոԼուրին պատմեց քաղաքացին:



Նա նաև նշեց, որ վերջերս տեսել է, թե ինչպես են ջրմուղ կոյուղու աշխատակիցները իրենց ձեռքով բացում այն խողովակը, որի միջոցով թափոնները լցվում են գետը:



«Մոտեցա հարցրեցի, ի՞նչ եք անում, այսպես աղտոտում եք գետը: Ասացին` մեզ ինչ ասել են , դա էլ անում ենք: Հետո իմացա, որ գործարանի կոյուղին խցանվել է, և այդ խցանումը բացելու փոխարեն, այս հեշտ ճանապարհն են գտել,- ասաց նա,- հիմա ձվադրման սեզոն է, ձուկը նման պայմաններում չի կարող ձվադրել: Եթե այսպես շարունակվեց, Հրազդան գետում մենք ոչ մի կենդանի ձուկ չենք ունենա»:



Ահազանգի հետքերով ԷկոԼուրը եղավ դեպքի վայրում և տեսավ, թե ինչպես է մուգ շագանակագույն հեղուկ գործարանից եկող խողովակից թափվում Հրազդան գետ: Գետի տարածքից գինու հոտ էր գալիս, գետում ձուկ չէր երևում: ԷկոԼուրն այս ահազանգը ուղղում է Բնապահպանության նախարարությանը: Խնդրում ենք սստուգումներ իրականացնել` պարզելու, թե, իրոք, խողովակներից թափվող ջրերը Երեւանի գինու գործարանի թափոններն են եւ ինչ վնաս են պատճառել Հրազդան գետի էկոհամակարգին:



«ԷկոԼուր»