Խորհրդարանական լսումները չեն ազդի ռեկտորների որոշումների վրա

Խորհրդարանական լսումները չեն ազդի ռեկտորների որոշումների վրա

Չնայած բուհերն ինքնավար են եւ իրենք են որոշում ուսման վարձավճարների չափը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ոչ մի լիազորություն չունի այդ հարցում, շարունակում է աջ ու ձախ պնդել, թե բարձրացումն արդարացված է, եւ ետդարձի ճանապարհ չկա: Այնինչ նույն բուհերի ղեկավարներն ուսման վարձերի թանկացման որոշման վերաբերյալ վերջնական դիրքորոշում չեն հայտնում եւ ավելի մեղմ են արձագանքում ակտիվիստների  պահանջներին: Ավելին, Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ իրենց առաջին կուրսի ուսանողների կարծիքը լսելուց հետո հնարավոր է վերանայվի որոշումը: Նշենք, որ հայաստանյան հինգ բուհերում են միայն թանկացել ուսման վճարները: Սակայն կարծես թե ակտիվիստներն ավելի շատ տուրք են տալիս աշոտյանական կացնային հայտարարություններին, քան բուհերի ռեկտորների  դիրքորոշումներին, որոնցից շատ բան է կախված: Նախօրեին նրանք հանդիպել էին Աշոտյանի հետ եւ ՀՀԿ-ական նախարարի կաբինետից դուրս եկել այն տպավորությամբ, որ որոշումը չի վերանայվի, մինչդեռ  որոշում վերանայելու իրավունք ունի միայն տվյալ բուհի ռեկտորը, այլ ոչ թե Աշոտյանը: Իսկ ռեկտորներն ակտիվիստներին հրավիրում են մասնակցելու հաշվարկներին՝  խոստանալով, որ եթե հիմնավորեն, որ թանկացման կարիքը չկա, ապա կքննարկվի որոշումը վերանայելու հարցը: Ակտիվիստներն իրենց հերթին սպառնում են սեպտեմբերյան դասադուլներով եւ առաջարկում են խորհրդարանում լսումներ կազմակերպել վարձերի թանկացման հարցով: Այս պահանջին արձագանքել են ԱԺ կրթության հանձնաժողովի պատգամավորներ դաշնակցական Աղվան Վարդանյանն ու «Ժառանգության» անդամ Ռուբիկ Հակոբյանը: Նրանք 7-օրյա ժամկետում խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով դիմել են հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Կանոնակարգ-օրենքի համաձայն՝ կամ հանձնաժողովի որոշմամբ են լսումներ տեղի ունենում, կամ էլ ԱԺ նախագահն է առաջարկում հանձնաժողովին այդ հարցով լսումներ անցկացնել: ԱԺ առաջիկա նիստում կքննարկվի այս հարցը, եւ հանձնաժողովը կորոշի՝ լսումներ անցկացնե՞լ, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, եթե լսումներ կազմակերպվեն, դա ի՞նչ օգուտ կտա ուսանողներին, կազդի՞ արդյոք ռեկտորների  մայիս ամսին կայացրած որոշման վրա:



«Կան ռեկտորներ, որոնք ասում են, որ ճիշտ հաշվարկի պայմաններում  կարելի է չբարձրացնել, իսկ մյուսները հակառակն են ասում: Լսումների իմաստն այն է, որ հասկանանք՝ դա ինչով է պայմանավորված եւ ինչ օրենսդրական բացեր կան»,-մեզ հետ զրույցում ասաց նամակի հեղինակներից Ռուբիկ Հակոբյանը: Նշենք, որ օրենսդրական բացերից մեկն էլ ուսման վարձերի վերին շեմ սահմանելու դրույթն է, որը թեեւ ընդգրկվել էր կառավարության 2012-2017 թթ. ծրագրում, սակայն չի իրագործվել, եւ միայն այսօր են խոսում այն կյանքի կոչելու մասին: Եթե չլիներ քաղաքացիական ընդվզումը, այդ դրույթին թերեւս չէին էլ անդրադառնա: Իսկ վերին շեմ սահմանելու ու մի շարք օրենսդրական բացեր լրացնելու օրինագիծը կառավարությունը խորհրդարան կներկայացնի սեպտեմբերին: «Կարգավորված չի բարձրացումը, եւ ցանկացած ռեկտոր իր հիմնավորումներով կարող է ներկայացնել իր ուզած առաջարկությունը, շատ անցքեր կան, որոնց պետք է անդրադառնան, եւ լսումներով հնարավոր կլինի իրական պատկերը հասկանալ»,-ասաց ԱԺ պատգամավորը: Նշենք, որ  ուսման վարձերը թանկացել են ապրիլ-մայիս ամիսներին, որը պատգամավորներին չի մտահոգել, մինչեւ աղմուկ չի բարձրացել, եւ ակտիվիստները ոտքի չեն ելել: «Ուսանողները դիմել են  հանձնաժողովին, եւ պատգամավորները պարտավոր են անդրադառնալ հարցին»,- ՀՀԿ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն ուսման վարձերի թանկացման վերաբերյալ որպես սեփական կարծիք հայտնեց այն, ինչ պնդում են որոշման հեղինակները: «Բուհերը հիմնավորում են թանկացումը, բացի դա, ես գիտեմ, որ այն ընտանիքները, որոնք վատ վիճակում են, իրենց համար կան որոշակի սահմաններ, այսինքն՝ ես կարծում եմ, որ լավ ուսանողը դուրս չպետք է մնա ոլորտից, ամեն ինչ պետք է արվի, որ ուսանողը դուրս չմնա կրթությունից»: Բայց թե ինչպես, տիկին Աճեմյանը չմանրամասնեց: Ակնհայտ է, որ նման դիրքորոշում ունեցողները եթե մեծամասնություն լինեն, ապա լսումները կլինեն հօգուտ աշոտյանների ու ռեկտորների, իսկ հանձնաժողովում նրանք քիչ չեն:  



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ