Գայլերի հարձակում` դարձյալ Լոռու մարզում

Գայլերի հարձակում` դարձյալ Լոռու մարզում

Օգոստոսի 20-ին գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում, այս անգամ` Ստեփանավանի տարածաշրջանի Կողես գյուղում: Գյուղի բնակիչ Խաչիկ Կիրակոսյանին պատկանող հոտի վրա գայլերը հարձակվել են գիշերը: Առավոտյան արդեն ինքը` տանտերը, մոտակա ձորում ոչխարի մեծ հոտից հայտնաբերել է ընդամենը 3 անվնաս  մնացած ոչխար: Նույն ձորում  գտնվել են 15 հոշոտված ոչխարներ, եւս այդքանը եղել են վիրավոր, նույն քանակությամբ` թվով 15 ոչխար էլ անհետացել է: Համագյուղացիների կարծիքով, հոտի վրա հարձակվել է ոչ թե մեկ գայլ, այլ դրանք մի քանիսն են եղել, որովհետեւ մեկ գայլը չէր կարող նման չափի վնաս պատճառել: Պետությունից, իհարկե, տուժողը փոխհատուցում չի սպասում, թեեւ նշում է, որ իրեն պատճառվել է մեծ չափերի վնաս: Նշենք, որ գայլերի հարձակումները Լոռու մարզի տարբեր տարածաշրջանների գյուղական համայնքներում պարբերական բնույթ են կրում ու դարձել են սովորական: Միայն մեկ տարում Լոռու մարզում գայլերի հարձակումներից տուժել են մարզի Ջրաշեն, Արջուտ, Դարպաս, Լուսաղբյուր, Ամրակից, Հալավար, Դեբեդ, Քարաբերդ, Կողես գյուղական համայնքները եւ անգամ քաղաք Ստեփանավանն ու մարզկենտրոն Վանաձորը:



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լոռու մարզ