Առաջիկա տարիներին էլ սիրահարների այգու «չի կարելի»-ները կպահպանվեն

Առաջիկա տարիներին էլ սիրահարների այգու «չի կարելի»-ները կպահպանվեն

Ամբողջ աշխարհում այգիները, կանաչ տարածքը մարդկանց են ծառայում, որպեսզի տեխնոլոգիական տարափից հոգնած մարդը հանգստանա, շփվի ծառ ու ծաղկի, կենդանիների հետ: Աշխարհի ոչ մի այգում չես հանդիպի սահմանափակումների, որ գազոնի վրա չի կարելի քայլել, կանաչ խոտը միայն դիտելու համար է: Սիրահարների այգին, որ վերջին տարիների լավագույն նախաձեռնություններից է, պարզվում է` ոչ թե մարդկանց է ծառայում, այլ ընդամենը ցուցադրական այգի է: Որպեսզի աշխարհին ասենք՝ մենք էլ այգի ունենք: Մանկահասակ երեխաների հետ այգի մտած մարդկանց բազմաթիվ անակնկալներ են այստեղ սպասվում՝ ձեռք տալ չի կարելի, տրորել չի կարելի, բարձրանալ չի կարելի: Իսկ 2, 3, 5 տարեկան երեխաներին շատ դժվար է բացատրել, որ քարին ձեռք տալ չի կարելի, քանի որ այգու տնօրինությունն արգելում է: Ամեն քայլափոխի համազգեստով տղաներ են կանգնած, որոնք աչալուրջ հետեւում են այցելուներին եւ արգելում անգամ անարգել տեղաշարժվել այգում: Իսկ երեկոյան ժամը 20:00-ին այգին փակվում է: Մենք որոշեցինք զրուցել Սիրահարների այգու գրասենյակի եւ միջոցառումների կառավարիչ Անի Լաթոյանի հետ եւ հասկանալ, թե այս «պատկերասրահ - այգին» ինչի համար է ստեղծված:



- Այգու այցելուները դժգոհում են, որ ամենուր արգելքներ են, եւ չեն կարողանում լիարժեք օգտվել: Նույնիսկ այգու մուտքի մոտ` ցուցատախտակին գրված կանոնադրության մեջ են նշված այդ արգելքներն ու դրանց դիմաց համապատասխան տուգանքները՝  5-10 հազար դրամ: Ինչո՞ւ են նման սահմանափակումներ նախատեսվել:



- Մենք տեղյակ ենք, որ մեր այցելուները ցանկանում են խոտածածկ տարածքներից օգտվեն, սիզամարգի վրա նստեն, հանգստանան, սակայն ցավով պետք է նշեմ, որ որոշակի տեխնոլոգիական, այգեգործական խնդիրների պատճառով դեռեւս խոտածածկը փակ է լինելու, քանի որ այգու կանաչ սիզամարգն ամռան շոգին շուտ է չորանում եւ միանգամից փչանում է: Առաջիկա տարիներին էլ փակ կլինի, բայց հետագայում, երբ այգու ծառերն ամբողջովին կստվերեն այգին, եւ սիզամարգն արագ չի չորանա ու չի փչանա, այդ ժամանակ էլ խոտածածկը բաց կլինի այցելուների համար:



- Բացի խոտածածկը, արգելված է նաեւ քարակույտերի վրա բարձրանալն ու ջրային տարածքներից օգտվելը: Բայց չէ՞ որ երեխաներն ուզում են զվաճանալ:



- Այգում կան եւ քարային, եւ ջրային կոմպոզիցիաներ, որոնց վրա երեխաները ցանկանում են բարձրանալ: Նախ, մենք մտահոգվում ենք մեր այցելուների անվտանգության համար, քանի որ երեխան կարող է բարձրանալ եւ ընկնել, երկրորդ պատճառն այն է, որ քարերն այնպես ամրացված չեն, որպեսզի դիմանան ոչ միայն մարդկանց, նույնիսկ կենդանու քաշին: Սոսկ անվտանգությունից ելնելով է արգելք դրված:



- Վերջերս լուրեր են տարածվել, որ Սիրահարների այգում զույգերին արգելվում է համբուրվել: Որքանո՞վ է այդ զավեշտալի տեղեկությունն իրականությանը համապատասխանում:



- Վերջերս սոցցանցերում նմանատիպ տեղեկություն էր տարածվել, որն իրականությանը չի համապատասխանում: Այգու մուտքի մոտ, ցուցատախտակին գրված կանոնակարգում համբուրվելու վերաբերյալ արգելք չի նշվում, ճիշտ հակառակը, մենք խրախուսում ենք երիտասարդներին, որ իրենց ազատ զգան, եւ եթե սիրահարներ են, բնականաբար, պետք է համբուրվեն: Տեղեկությունն այնպես էր տարածված, որ ոստիկաններն են արգելել, բայց ոստիկաններն այգու աշխատակազմի հետ որեւէ կապ չունեն: Սիրահարները կարող են գալ, իրենց լավ զգալ, համբուրվել, իսկ համբույրն արգելող կանոն չունենք:



- Իսկ կենդանիների հետ մուտքն ինչո՞ւ է արգելվում այգու տարածք:



- Երկու պատճառով. Առաջինն այն է, որ Հայաստանում դեռեւս չկա այն մշակույթը, որ տերերն իրենց կենդանիների հետեւից կեղտոտածը մաքրում են, ինչը Եվրոպայում, Ամերիկայում շատ տարածված է: Երկրորդ պատճառն այն է, որ տերը միգուցե չկարողանա կառավարել շանը, եւ շունը կծի այցելուներին, որը նույնպես մեզ մտահոգում է: Արգելքը դրված է կրկին անգամ անվտանգությունից ելնելով:



- Այգու տարածքում հաճախ են միջոցառումներ կատարվում, դրանք վճարովի՞ են:



- Այգում կա հստակ գնագոյացման ցուցակ, ըստ որի, միջոցառումը կազմակերպելուց առաջ նախաձեռնողը լրացնում է հայտ, որից հետո տեղի է ունենում միջոցառումը: Հիմնականում վճարովի են, քանի որ ավարտից հետո ստիպված են աշխատողներն այգու այդ տարածքի մաքրությունը վերականգնելու, բայց կան նաեւ անվճար միջոցառումներ: Հաշվի ենք առնում միջոցառումների բնույթը, եթե մշակութային կամ սոցիալական ուղղվածություն ունեն, ընդառաջում ենք եւ անվճար ենք տրամադրում, հատկապես գրքերի շնորհանդեսների ժամանակ: Իսկ կոմերցիոն գովազդների կամ քաղաքական, կուսակցական միջոցառումների դեպքում բարձր վճար ենք պահանջում՝ մեկ միլիոն, մինչեւ մեկուկես միլիոն դրամ: Նման դեպքերում այգին փակում են, իսկ այգին հանրային տարածք է, եւ, բնականաբար, փակելը ցանկալի չէ: Իսկ այդ գումարներն ուղղվում են այգու պահպանման, բարեկարգման նպատակին:



- Այգու գումարները միայն այդ ճանապարհո՞վ են գոյանում, թե՞ այլ աղբյուրներ էլ կան:



- Այս պահին 3 հիմնական աղբյուր ունենք, առաջինն ինքնաֆինանսավորումն է, որը վերը նշված գնագոյացման  ցուցակի եւ վարձով տրված տարածքների (օրինակը՝ սրճարանը) միջոցներն են: Երկրորդը քաղաքապետարանն է, որը մեզ դեռեւս բավականին շոշափելի գումար է տալիս, որպես քաղաքային այգի, որը Տարոն Մարգարյանը, եւ որպես փոխքաղաքապետ, եւ քաղաքապետ, անձամբ է տալիս, իր նախաձեռնությունն է, որ մենք մշտապես աջակցություն ենք ստանում: Երրորդը հենց շվեյցարաբնակ Պողոսյան ընտանիքն է շարունակում ֆինանսավորել, հատկապես վարչական մասով, որը բավականին մեծ մասն է. ինչպես գիտենք, այգու բարեկարգման համար հենց նրանք են նախնական մեկուկես միլիոն դոլար ներդրում կատարել:



- Իսկ ե՞րբ են վերացվելու արգելքները, որ մարդիկ լիարժեք օգտվեն այգուց, նաեւ ժամային սահմանափակումները, որպեսզի այգին գործի շուրջօրյա: Քանի որ գիշերվա որոշակի ժամերի դռները փակվում են այցելուների առաջ, եւ տպավորություն է ստեղծվում, որ այգին պատկերասրահ է կամ ապակու տակ դրված ցուցադրություն:



- Ինչպես նշեցի, առաջիկա տարիներին խոտածածկը փակ է լինելու, իսկ երբ ծառերը սաղարթախիտ դառնան, եւ համապատասխան ստվեր ու խոնավություն ապահովվի, բնությունն ինքը կորոշի ժամկետը: Կենդանիների առումով էլ, հուսանք, որ Հայաստանում շուտով մշակույթ կձեւավորվի՝ նրանց հետեւից մաքրել, եւ այդ խնդիրն էլ կլուծվի: Իսկ այգու դռները նախկինում բացվում էին առավոտյան 7-ին եւ փակվում երեկոյան 8-ին, հիմա՝ ամռան շրջանում, բացվում են առավոտյան 6-ին եւ փակվում գիշերվա 2-ին: Գիշերվա ժամերին այգին փակվում է խնամքի եւ մաքրության նպատակով, այսինքն՝ խոտածածկն է ջրվում, եւ այցելուների թողած մնացորդներն են մաքրվում:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ