Իոանիսյանները ջրում են Արամունիներին

Իոանիսյանները ջրում են Արամունիներին

Դերասանուհի, գրականագետ, Լոս Անջելեսի համալսարանի դասախոս Անահիտ Արամունին Հալաբյան 7 հասցեում մի քանի տարի առաջ նկուղային տարածք է գնել, որի մի մասն այժմ փորձում է վերանորոգել, սակայն վերեւի հարկից տարածք թափվող ջուրը նախ բանվորներին թույլ չի տալիս ավարտել գործը, ապա նաեւ զրոյացնում է կատարված վերանորոգման աշխատանքը: Նկուղային տարածքի վերեւի հարկում բնակվում է հասարակական եւ քաղաքական ակտիվիստներ Իոանիսյանների ընտանիքը: Տանտիկինը` Նարինե Ղազարյանը, Արամունիների բազմաթիվ հորդորներից, դժգոհություններից հետո նոր միայն օրերս ասել է, որ կվերանորոգի խողովակները, բայց՝ նոյեմբերին, երբ ամուսինը վերադառնա արտասահմանից: Անահիտ Արամունու խոսքով էլ, եթե մինչեւ նոյեմբեր ջուրն այդ տեմպով կաթա, նկուղից բան չի մնա: «Այդ կինն ինձ պարզապես հալածում է, ասում է, որ միակ տարբերակը, որ ջուրն ինձ վրա չթափվի, այդ տարածքն իրեն տալն է: Բայց ինչպե՞ս կարելի է: Նույնիսկ համատիրությունն է վախենում այդ կնոջից»,- դժգոհեց Անահիտ Արամունին: 



Ի դեպ, ջրի կաթոցները վնասում են նաեւ շենքի հիմքը: Համատիրության նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել անվճար վերանորոգել խողովակները, սակայն տիկին Նարինեն թույլ չի տալիս մտնել իրենց բնակարան: «Ինքը թույլ չի տալիս, որ մտնենք, իր բնակարանից վերանորոգենք խողովակները: Համատիրության խնդիրն է` վերացնել այդ թերությունները, որոնք նաեւ շենքի հիմքն են վտանգում, բայց այդ կինը չի թողնում, ասում է` ես կնորոգեմ, բայց հիմա հնարավորություն չունեմ, նոյեմբերին: Նա անգամ համատիրության վարձերը չի վճարում: Դիմեցինք դատարան, բայց իրեն այնքան վատ պահեց, որ թողեցինք, դուրս եկանք դատարանից»,- ասաց համատիրության նախագահը` Համլետը: Իսկ Արամունին բոլոր վարձերը վճարել է, սակայն դա նրան ոչ մի օգուտ չի բերել. համատիրությունը չի կարողանում կատարել իր պարտավորությունը բարեխիղճ բնակչի նկատմամբ:



 Անահիտ Արամունին, բնակարանի խնդիրներով զբաղվելու համար, նոտարով հաստատված կարգով լիազորագիր է տվել լրագրող-հրապարակախոս Վահան Իշխանյանին, ով պատմեց, որ Նարինեի հետ եղել է նկուղում, Նարինեն խոստովանել է, որ իր տնից են կաթոցները, սակայն փող չունի վերանորոգման համար եւ դա կանի, երբ ամուսինը նոյեմբերին վերադառնա: «Ջուրը թափվում է, խոնավությունից բանվորները հիվանդանում են, վերանորոգված սենյակի պատը շուտով կխոնավանա, բացի դա, շենքի հիմքն է խարխլում, իսկ Նարինեն ասում է՝ փող չունեմ, պարտքով կտա՞ք, ես նոյեմբերին կարող եմ անել,- ասում է Իշխանյանը:- Անհասկանալի է նրա մտքինը, քանի որ փողի խնդիր չկա, համատիրությունը պարտավորվում է անվճար վերանորոգել, իսկ ինքը թույլ չի տալիս:  Արամունու համար անհասկանալի է, թե ինչպես այս երկրում կվերանան անարդարությունները, եթե դրանց դեմ պայքարողն այս կինն է»:



Տիկին Նարինեի հետ խոսել չհաջողվեց, փոխարենը խոսեցինք նրա որդու` «Ժառանգություն»  կուսակցության անդամ, ակտիվիստ Դանիել Իոանիսյանի հետ, ով իր հերթին դժգոհություններ ներկայացրեց հարեւանից: «Խնդիրն ուրիշ է: Խնդիրն այն է, որ իրենց մոտից մեր բնակարան խոնավություն է գալիս, բորբոս է գալիս: Մենք 7 տարի փորձում էինք իրենց գտնել: Լավ է վերջապես գտնվեցին»,- ասաց նա` ավելացնելով, որ ինչ վերաբերում է կաթոցներին, ապա «բառացիորեն մի քանի օր առաջ է հայտնաբերվել, որ խնդիրն իրենց մոտից է: Ընդ որում` մի քիչ է կաթում: Այն խոնավությունը, այն բորբոսը որ իրենց մոտից է գալիս, դրա համեմատ ոչինչ է»: Հարցին, թե ինչու չեն նորոգում խողովակները եւ թույլ չեն տալիս, որ համատիրությունը նորոգի, Իոանիսյանն արձագանքեց. «Անհնար է մեկ օրում ռեմոնտ անել: 1 ամսվա ընթացքում մենք կվերանորոգենք»:



Իոանիսյանից հետաքրքրվեցինք. իրենք իսկապե՞ս ցանկանում են ձեռք բերել նշված տարածքը, եւ արդյո՞ք ջրի հոսքը չդադարեցնելու մեջ իրենց կողմից դիտավորություն չկա, որպեսզի Արամունին ստիպված վաճառի տարածքը: «Մենք ասել ենք հետեւյալը, որ եթե իրենք վաճառեն, հնարավոր է մենք գնենք: Եթե իրենք վաճառեն այդ տարածքը, որը մեր բնակարանի ներքեւում է, մենք շահագրգռված ենք, որ դա մերը լինի, բայց դա ոչ մի կապ չունի ջրի կաթոցի հետ»:



Վահան Իշխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դիմել դատարան, նաեւ ոստիկանություն, եթե կինը չդադարեցնի ջրի արտահոսքը: Դանիելն էլ հակադարձեց. «Եթե Իշխանյանը մտադիր է դիմել դատարան, ապա ես հակընդդեմ հայց կներկայացնեմ դատարան եւ կպահանջեմ փոխհատուցել այս 7 տարիների ընթացքում խոնավության պատճառով մեր բնակարանի վրա կատարված վերանորոգման ծախսերը»: «Իոանիսյանի ասածն այսպես եմ հասկանում՝ լավ ենք անում կաթեցնում ենք, ոչ մի բան դրա դեմ անել չես կարող, դատարանն էլ քեզ չի փրկի: Ու այս տղան պայքարում է Հայաստանում կեղծիքների դեմ: Այդ տարածքում միակ խոնավության բույնը Իոանիսյանի տան կաթոցներն են, եւ իր հակընդդեմ հայցն իր դեմ ուղղված կլինի,- ասում է Իշխանյանն ու ավելացնում:- Որեւէ նորմալ երկրում ոստիկանությունը միանգամից կկանգնեցներ ուրիշի գույքին եւ ամբողջ շենքին վնաս հասցնողին»: Թե ինչպես կլուծվի այս վեճը` ականատես կլինենք առաջիկայում:  



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ



[email protected]