Ռոբերտ Ամիրխանյանն օրենքից դուրս է

Ռոբերտ Ամիրխանյանն օրենքից դուրս է

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորման նախագահ  Ռ. Ամիրխանյանը վերջին անգամ նախագահ է ընտրվել 23.05.2009թ. կայացած «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպության համագումարում, 2 տարի ժամկետով, այսինքն՝ մինչեւ 2011թ. մայիսի 23-ը: Սա նշանակում է, որ արդեն 2 տարի եւ 4 ամիս է, ինչ «ՀԿԵՄ» ՀԿ-ն չունի լեգիտիմ (օրինական) նախագահ, որն օրենքով սահմանված կարգով համագումարի կողմից լիազորված կլիներ իրականացնելու իր լիազորություններն ու պարտականությունները: Չունենալով վերոնշված լիազորությունները, 23.05.2011 թվականից առայսօր որեւէ անձ չէր կարող օրինական հիմքերով «առանց լիազորագրի» ներկայացնել «ՀԿԵՄ» ՀԿ-ն պետական եւ ոչ պետական կազմակերպություններում կամ ֆիզիկական անձանց առջեւ, նաեւ չէր կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված կարգով ձեռք բերել   ՀԿ անունից քաղաքացիական իրավունքներ եւ ստանձնել պարտականություններ: Այն, որ պարոն Ամիրխանյանը միայն իրեն հայտնի պատճառներով, չկատարելով օրենքի պահանջը, առայսօր չի հրավիրել հերթական համագումարը, կարծում եմ, իր անձնական մեղավորությունն է: Կոմպոզիտորներից շատերը, որպես «դառը կատակ», փաստում են այն, որ իրենց միությունը վերածվել է յուրատեսակ «Ամիր-Խանաթի»:



Ընդհանրապես, երբ ծանոթանում ես «ՀԿԵՄ» ՀԿ ներկա խնդիրներին, նույնիսկ փորձելով դրանց նայել իրավաբանին վայել չեզոք հայացքով, զարմանք է առաջացնում այն ակնհայտ բարձիթողի վիճակը, որը տիրում է այսօր Կոմպոզիտորների միությունում: Այդ խնդիրները մեկ տարում չէ, որ կուտակվել են եւ միության ներկայիս «չընտրված ղեկավարության» բացարձակ անգործության արգասիքն են: Իրավիճակը բարդացած է նրանով, որ «ՀԿԵՄ» ՀԿ-ն այսօր չունի նաեւ ՀՀ օրենսդրությամբ եւ կանոնադրությամբ նախատեսված եւ սահմանված կարգով ընտրված  այլ ղեկավար մամիններ, այսինքն՝ վարչություն եւ նախագահություն (նախագահական խորհուրդ եւ վերստուգիչ հանձնաժողով):



Պարտադիր տարեկան համագումարները չեն հրավիրվել, ինչի պատճառով ՀԿԵՄ անդամները զրկված են եղել հնարավորությունից՝ իրենց ընտրությամբ կազմավորել դրա ղեկավար մարմինները, լսել եւ հաստատել վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի՝ կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները, լսել հաղորդումներ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, որոշել վերստուգիչ հանձնաժողովի թվաքանակը եւ ընտրել այն 2 տարի ժամկետով, կարծիքներ հայտնել եւ հանդես գալ հայտարարություններով: Կազմակերպությունն ունի Խորհրդային Միության տարիներին գոյացած բավականին մեծ գույք, այդ թվում եւ Դիլիջանում գտնվող հանգստյան տունը՝ իր 25 քոթեջներով, որտեղ առայսօր շարունակում են հանգստանալ մարդիկ: Ի՞նչ է կատարվում այս ոլորտում, ո՞ւմ գրպանն են գնում ստացված եկամուտները եւ որքանով են նպաստում միության գործունեությանը՝ կազմակերպության շարքային անդամները բացարձակ անտեղյակ են: Հասկանալի է, որ ներկա իրավիճակը կարող է ձեռնտու լինել միայն այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում հաշվետու լինել միության անդամների առջեւ: Այս է պատճառը, որ միության անդամ կոմպոզիտորներն առաջին իսկ համագումարի ընթացքում պահանջելու են 2009-2013թթ. բոլոր տարեկան հաշվետվությունները, բացի այդ, նախաձեռնելու են անկախ աուդիտի անցկացում՝ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունն ստուգելու նպատակով:



Պարոն Ռ. Ամիրխանյանն այս ընթացքում իր հրապարակային ելույթներում նշված խնդիրների վերաբերյալ մի քանի միտք է արտահայտել, որոնք առանձին հետաքրքրություն կարող են առաջացնել Հայաստանում երաժշտական արվեստին սրտացավ վերաբերվող անձանց մոտ: Մասնավորապես ասել է. «Կա իմ դեմ գործող 2 ուժ: Մեկն ուզում է միության ունեցվածքը վաճառել ու դնել գրպանը, մյուս ուժն էլ, տարիներ շարունակ ինձ վարկաբեկելով, ուզում է հասնել այն բանին, որ գրավի միությունը»:  Ընդսմին, պարոն Ռ. Ամիրխանյանը չի նշում, թե որոնք են իր դեմ գործող այդ «մութ» ուժերը, այլ ընդամենը հայտնում է, որ առաջինները կոմպոզիտորները չեն, իսկ երկրորդները «մի 5-6 մոլորյալ մարդիկ են», որոնց շարքում են Մարտին Վարդազարյանը, Լեւոն Չաուշյանը, Երվանդ Երկանյանը, Արամ Սաթյանը: Այստեղ պարոն Ամիրխանյանն արդեն բացահայտ մեղանչում է ճշմարտության դեմ, քանի որ միության ոչ թե 5-6, այլ առնվազն 42 անդամ է, իր բնորոշմամբ, «մոլորվել»:



Նկատենք, որ որպես «մոլորյալ» են պիտակավորվել բազմաթիվ պետական պարգեւների արժանացած անձինք՝ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ճանաչված կոմպոզիտորներ, պրոֆեսորներ, դասախոսներ, որոնց վաստակն ու ներդրումը մեր մշակույթում անգնահատելի է գերագնահատել: Եվ պիտակավորվել են այն պարզ պատճառով, որ «հանդգնել» են գրավոր դիմել եւ պահանջել պարոն Ամիրխանյանից՝ կատարել ՀՀ օրենսդրության պահանջները: Չսահմանափակվելով այսքանով,  եւ ցանկանալով ամրապնդել տարիներ շարունակ իր կողմից փայփայվող ստատուս-քվոն, պարոն Ամիրխանյանն այն հարցին, թե բացի ինքն իրենից տեսնո՞ւմ է արդյոք որեւէ մեկին միության նախագահի պաշտոնում, թույլ է տալիս հայտնել հետեւյալը. «Եթե մերոնք ապուշացած կլինեն այդ աստիճանի, թող ընտրեն ուրիշ մարդ...»: Կարծում եմ՝ մեկնաբանություններն  ավելորդ են: Սակայն այն հասարակ հարցին, թե ինչու այսքան տարի չի հրավիրել կազմակերպության համագումարներ, պարզաբանում է, որ «...հակված չի եղել» անցկացնել համագումարներ, «...քանի որ անընդհատ սպասում էինք, թե խորհրդարանը երբ է վերջնականապես օրենք ընդունելու ստեղծագործական կազմակերպությունների մասին»:



Այսպիսով, պարոն Ամիրխանյանը հրապարակայնորեն հանձն է առնում, որ դա արել է դիտավորությամբ, բացի այդ, նոր օրենք ընդունելու պատրվակով միտումնավոր խախտել է արդեն իսկ գործող օրենսդրության իմպերատիվ պահանջները: Միության գործունեությունն օրենսդրական դաշտ վերադարձնելու նպատակով 42 անդամ կոմպոզիտորներ եւ երաժշտագետներ, որոնք կազմում են տվյալ դեպքում օրենքով սահմանված անդամների 1/3-ը, 30.08.2013թ. դիմել են պարոն Ամիրխանյանին՝ կազմակերպության արտահերթ համագումար հրավիրելու պահանջով, նշելով իրենց կողմից առաջարկվող օրակարգային 7 խնդիրները: Այս անգամ եւս, օրենքի խախտմամբ, համագումար չհրավիրվեց: Այլ ելք չտեսնելով՝ միության 5 կոմպոզիտորներ 19.09.2013թ. հայցադիմում են ներկայացրել դատարան՝ Ռ. Ամիրխանյանին արտահերթ համագումար հրավիրելը պարտավորեցնելու  պահանջով: Բացի այդ, այս տարվա հուլիսին կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Լեւոն Չաուշյանը, Երվանդ Երզնկյանը, Երվանդ Երկանյանը, Մարգարիտա Ռուխկյանը,  Վարդան Աճեմյանը եւ Արամ Սաթյանը դիմել էին ՀՀ արդարադատության նախարարին, խնդրելով հարուցել վարչական վարույթ՝ կազմակերպությունում 2009-2013թթ. իրավիճակի, ֆինանսատնտեսական գործունեության օբյեկտիվ եւ հանգամանալից ստուգման նպատակով: Հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարությունը, ի դեմս ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի, 27.08.2013թ. որոշմամբ բավարարել է դիմումը եւ արձանագրել «ՀԿԵՄ» ՀԿ-ում առկա բազմաթիվ խախտումները: Բացի այդ, Ռ. Ամիրխանյանը նշված որոշմամբ նախազգուշացվել է «ՀԿԵՄ» ՀԿ համագումար հրավիրելու անհրաժեշտության վերաբերյալ: 



Ես համոզված  եմ՝ միավորման արտահերթ համագումարը մոտակա ժամանակներում, այնուամենայնիվ, կկայանա: Իսկ թե ինչ ընթացք կունենա, կախված է միության անդամների սկզբունքայնությունից եւ համախմբվածությունից: Առաջնահերթ խնդիրներից են՝ ընտրել «ՀԿԵՄ» ՀԿ օրինական ղեկավար մարմիններ եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել անցած տարիների ընթացքում կազմակերպության ֆինանսատնտեսական ոլորտում:



Կարծում եմ՝ ոչ մեկին, առավել եւս հանրությանը ծառայություններ մատուցած եւ որոշակի արժանիքներ ունեցող անձանց, թույլատրված չէ ոտնահարել օրենքը, այլոց իրավունքներն եւ արժանապատվությունը: Եվ եթե որեւէ մեկն ստանում է վստահության քվե եւ հանրության առջեւ ստանձնում որոշակի պարտականություններ,  պարտավոր է բարեխղճորեն կատարել դրանք:



 



Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ



ՀՀ փաստաբանների պալատի անդամ,փաստաբան