Վատամարդ չդառնալ

Վատամարդ չդառնալ

Երեկ Ազգային ժողովից վերադարձած մեր թղթակիցն ապշահար պատմում էր, թե ինչպես են բոլոր ֆրակցիաները միահամուռ ողջունում Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Լրագրողները թվարկում էին այն բոլոր «մեղքերն ու բացերը», որոնք կարող էին դրվել Կոստանյանի առաջ, եւ զարմանում էին, թե ինչու ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները դա չեն արել: Սակայն մի պարզ բացատրություն ունի այս «առեղծվածը»՝ նրանք բոլորը մահկանացուներ են, բազում արատներով, սխալներով, զանցանքներով ու հանցանքներով եւ չեն ուզում 6 տարի շարունակ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող անձի թշնամանքը ձեռք բերել էս գլխից: Հետո հազար հարց է ծագելու՝ բիզնեսի, որդիների-հարազատ-բարեկամների համար միջնորդելու, երեսատեղ են թողնում, որ կարողանան հետագայում դիմել նրան ու հարցեր լուծել: Այս «ախպերական» հարաբերությունները, քավոր-սանիկությունն ու իրար հետ «արիշ-վերիշների» մեջ լինելն էլ հենց մեր տունը քանդում է: Երբ հնարավոր է դառնում «հարցեր լուծել», օրենքը շրջանցել, ոմանց մերձավորներին ազատել պատասխանատվությունից, հասարակության մեջ վերանում է արդարություն կոչվող հասկացությունը: Մարդիկ տեսնում են, որ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Եվ անարդարության այս սուր զգացումն է, որ մարդկանց հիասթափեցնում է սեփական հողից ու պետությունից, ստիպում փնտրել ավելի արդար ու ավելի արժանապատիվ կյանք: Այնպես որ, երբ այս նույն ընդդիմադիրները կոկորդիլոսի արտասուք են թափում, թե երկիրը դատարկվում է, արտագաղթը՝ ուժգնանում, նրանց հարկավոր է հիշեցնել, թե երբ, որտեղ, ինչպես է սրա-նրա համար գործ «դզել», սրան-նրան ազատել քրեական պատասխանատվությունից կամ անարժանիորեն տեղավորել բարձր պաշտոնի, հարկերը թաքցրել եւ այլն, եւ այլն: