Սոդոմ-Գոմոր

Սոդոմ-Գոմոր

Զրուցակիցս տալիս է այն հարցը, որն օրեր շարունակ պտտվում է գլխումս, բայց չեմ համարձակվում այն բարձրաձայնել. «Արդյո՞ք մենք արժանի ենք անկախ պետություն ունենալուն: Չէ՞ որ մեր 20-ամյա պատմությունն ապացուցեց, որ մենք ընդունակ չենք պետական ինստիտուտներ կայացնել, սոցիալական երաշխիքներ ձեւավորել, զարգանալ ու առաջ շարժվել: Հակառակը՝ մենք ապացուցեցինք, որ անկախ պետությունը ծառայեցնում են մի քանի օլիգարխների շահերին՝ նրանց ապօրինի ու անաշխատ հարստացման համար»: Իսկապես՝ 20 եւ ավելի տարիների ընթացքում մեզ չհաջողվեց արդարության, բարոյականության, գիտելիքի, աշխատասիրության արժեքները վերածել կապիտալի: Հակառակը՝ սկսեցին կապիտալ դառնալ անազնվությունը, ստորությունը, անբարոյականությունը, թալանն ու գցոցին: Օրերս մի կուսակցության ներքին խոհանոցից էին պատմում, որտեղ ամենաբնական բանը դարձել է միմյանցից բամբասելը, մեկին մյուսի մոտ վատաբանելը: Պետական մեկ այլ կառույցում ամենասովորական բանը ներգերատեսչական ինտիգներն են, նախարարի մոտ «ստուկաչություն» անելը, քծնելը: Մեկ այլ պաշտոնյա իր առանձնասենյակը վերածել է ննջարանի՝ կառույցի բոլոր աչքի ընկնող կանանց հետ պարբերաբար առանձնանում է, եւ ոչ ոք չի հանդգնում դրանից հրաժարվել: Մեկ ուրիշը, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչ է, չորս զրոյից պակաս թվանոց կաշառք չի ընդունում: Դա նորմա է, եւ բոլորը համակերպվել են այդ փաստի հետ: Սարսափելին այս օրինակները չեն, այլ այն, թե հասարակությունն ինչպես է հաշտվել այս փաստերի հետ, ինչպես է դրանք դարձրել իր կյանքի բաղկացուցիչը: Եվ անգամ վրդովմունք ու ընդվզում չի առաջանում: Սոդոմ-Գոմորի պատմությունը հիշում եք, չէ՞: Գուցե մե՞նք էլ ենք հասել այդ շեմին, եւ մեր պատմական Նաիրին կործանման վտանգի առա՞ջ է կանգնած: