Անպտուղ եւ անիմաստ

Անպտուղ եւ անիմաստ

Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսության առիթը, թվում է, պետք է օգտագործվեր մեր գիտության ներկայի ու ապագայի մասին լուրջ խոսակցություն ունենալու համար, սակայն ներկաներն այն օգտագործեցին եւս մեկ անգամ ֆինանսական խնդիրների մասին խոսելու նպատակով: Կհասկացվեր, եթե գոնե խոսքը գնար գիտության թերֆինանսավորման արդյունքում գիտական հայտնագործությունների սակավության ու գիտական հաստատությունների անարդյունավետ գործունեության մասին: Բայց տպավորությունն այնպիսին էր, որ հավաքվածները բացառապես մտահոգված են գիտնականների աշխատավարձերի, նրանց նյութական ապահովվածության հարցերով: Երբ տարիներ առաջ կրթության եւ գիտության բարեփոխումների կոնտեքստում խոսվում էր այն մասին, որ ԳԱԱ-ն վերածվել է սոցիալական հիմնարկի, որտեղ ոչ թե գիտական միտքն է աշխատում եւ երկրի համար անհրաժեշտ արտադրանք տալիս, այլ հանրության կողմից իրավամբ հարգանքի արժանի մարդիկ պարզապես նպաստներ են ստանում, ոմանք վրդովվում էին, թե չի կարելի նսեմացնել մեր գիտնականների վաստակը: Բայց տարիներն անցնում են, իսկ երկրի տնտեսության ու առաջընթացի մեջ գիտության ներդրումը բացարձակապես չի նկատվում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ինչպես ժամանակին Երեւանի պետական համալսարանում էր ճահիճ ստեղծել, հիմա էլ նույն ճահիճը ձեւավորել է գիտության կաճառում: Անշուշտ՝ գիտական բարձրորակ արտադրանք տալիս է ապրող երկիրը, առողջ հասարակությունը, հարուստ պետությունը: Եվ այդ արտադրանքի որակն ու քանակն անմիջականորեն կախված են բուհական «արտադրանքի» որակից ու ՕԳԳ-ից: Բայց ե՞րբ է հատվելու այս արատավոր շղթան՝ երբ բուհը վատ արտադրանք է տալիս, գիտությունը չի ստեղծում, տնտեսությունն անկում է ապրում, երկիրը՝ կործանվում: