Փնովելու փոխարեն հիացեք

Փնովելու փոխարեն հիացեք

Թեեւ հոկտեմբերի 16-ը դեռ մեր գիտակցության մեջ առանձնապես չի արմատացել որպես Հայ մամուլի օր, սակայն երեկ թեման արծարծվում էր տարբեր ակումբներում եւ սոցցանցերում: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 16-ն աշխարհը նշում էր նաեւ որպես Սննդի համաշխարհային օր, Անզգայացման եւ անգամ Տնօրենների օր: Գործընկերոջս՝ Վասակ Դարբինյանի կարծիքով, օրինակ, անեստեզիայի հետ զուգահեռը շատ դիպուկ է. լրագրողներն էլ են քնեցնում-անզգայացնում-բթացնում: Կատակը՝ կատակ, բայց մամուլի մասին խոսելիս ես միանգամից հանում եմ «թրերս», մանավանդ, երբ փորձում են նսեմացնել մեր աշխատանքը, վարկաբեկել, հայտարարել, որ մենք ծախված ենք, պատվեր կատարող, ոչ պրոֆեսիոնալ, անգրագետ, անտեղյակ ու չգիտեմ էլ ինչ: Վատ հակադրման հանգով ես սկսում եմ առարկել՝ բա դուք…:



 



Բայց անգամ եթե երբեմն ու ինչ-որ չափով համաձայնենք այս մեղադրանքների հետ, մամուլը, մեծ հաշվով, այս երկրի լիարժեք գործող ինստիտուտ է, այն քիչ համակարգերից մեկը, որը, ինչպես Աշոտ Աղաբաբյանն է ասում, կայացել է այս 20 տարում: Վատն է, թե լավը մեր մամուլը՝ այսօր ոչ ոք չի պատկերացնում կյանքն առանց մամուլի: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե մի «գեղեցիկ» օր (գեղեցիկ՝ իշխանությունների համար) բոլոր լրատվամիջոցները փակվեն, եւ լրագրողները դադարեն «անհանգստացնել» պաշտոնյաներին. երկրում ոչ թե ջերմ ու լուսավոր մթնոլորտ կձեւավորվի՝ մեր ստեղծած «գաղջի» փոխարեն, այլ վրա կհասնեն խավարի ու կործանման ժամանակները: Եվ իրավացի է Արամ Աբրահամյանը, երբ նկատում է, որ անգամ սովետական բռնապետության տարիներին մամուլն աշխատել է եւ իր գործն արել: Ես էլ առաջարկում եմ փնովելու փոխարեն հիանալ այն երիտասարդներով, ովքեր գրիչը, ձայնագրիչը, այփադն ու նեթբուքը ձեռքներին իրենց գործն են անում: