Պարզ բացատրություն

Պարզ բացատրություն

Երեկ ինտերնետում կարդում եմ մի քաղաքացու «զայրույթը»՝ մարդիկ, ի՞նչ եք քննարկման առարկա դարձրել երգչուհի Սյուզի Մելիքյանի հարսանիքն ու դրա առիթով նրա քավորի անձի վրա սեւեռվել: Քավորը, ի դեպ, հասարակ անձ չէ, այլ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Քաղաքացին վրդովված հարցնում է՝ Նավասարդ Կճոյանն իրավունք չունի՞ քավոր կանգնելու, հերիք է՝ առիթ-անառիթ, մարդուն մրոտեք: Մի քանի օր առաջ էլ ծանոթներիցս մեկն էր մտել նախկին Փակ շուկա, այժմ՝ «Երեւան-Սիթի», ու վրդովված դատափետում էր լրագրողներին ու ակտիվիստներին՝ «էդ սիրուն կառույցը» վարկաբեկելու, անիմաստ պայքարելու համար: Ես, անշուշտ, հասկանում եմ, որ կարող են լինել նաեւ մարդիկ, ովքեր չեն կիսի հանրության մեծամասնության կարծիքը, մարդիկ, ովքեր մտերիմ կլինեն Նավասարդ Կճոյանի եւ Սամվել Ալեքսանյանի հետ, բայց ուզում եմ պատասխանել մեզ «սուբյեկտիվիզմի» մեջ մեղադրողներին: Անշուշտ՝ Կճոյանն իրավունք ունի քավոր կանգնելու, պսակի քավորը մեզանում սուրբ մարդ է: Ալեքսանյանն էլ իրավունք ունի «սիթի»-ներ կառուցելու՝ առեւտուր բոլորս ենք անում: Բայց ինչո՞ւ է հասարակությունն այդքան անհանդուրժող, այդքան միակարծիք այս անձանց հետ կապված հարցերում: Ինչո՞ւ է նրանց յուրաքանչյուր քայլի մեջ վատ բան տեսնում, անգամ եթե նրանք ընդամենը հարսանիքի արարողության են մասնակցում, կնունք անում, «կռիսանոց» վերացնում: Ամբողջ բանն այն է, որ այս անձինք նախկինում դրսեւորած իրենց վարքով են հայտնվել հանրության թիրախի դերում: Կճոյանը՝ հոգեւորականին ոչ վայել կենսակերպով, գողական վարքուբարքով, իր կիսակրիմինալ սանիկներին հովանավորելով, օֆշորում ներկայությամբ: Ալեքսանյանը՝ ԱԺ պատգամավորի աթոռն զբաղեցնելով, իր ազգուտակին պաշտոնների կարգելով, բոլոր բիզնես-ոլորտներում իր ներկայությամբ: