ԵԽԽՎ-ն կմերժի Հայաստանի պատվիրակության նոր կազմը

ԵԽԽՎ-ն կմերժի Հայաստանի պատվիրակության նոր կազմը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան  պատվիրակության կազմից իրեն հեռացնելու` Հովիկ Աբրահամյանի որոշմանը` նշեց, որ դա դեռ նախաձեռնություն է, որը պետք է հավանության արժանանա ԵԽԽՎ  ձմեռային  նստաշրջանի կողմից, քանի որ  պատվիրակության կազմը հաստատվում է այնտեղ: 



 



«ԵԽԽՎ-ն կմերժի այդ կառույցում Հայաստանի պատվիրակության նոր կազմը, որովհետև տեղի է  ունեցել կանոնակարգի և բանաձևի խախտում»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը հաջողություն չի ունենալու ԵԽԽՎ-ում և լրացուցիչ խնդիրներ է հարուցելու մեր պատվիրակության և իշխանության առջև։



 



Ըստ Փոստանջյանի` կոպիտ խախտում է տեղի է ունեցել. ընդդիմությունը փոխարինվել է իշխանությամբ: Փոստանջյանը նշեց, - «Բանաձևում հստակ ասվում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ խորհրդարանում կան երկու մեծ ուժեր ու եթե կան փոքր խմբակցություններ, ապա վերջիններս պետք է ունենան ԵԽԽՎ-ում արտահայտվելու հնարավորություն: Հենց դրանով է պայմանավորված բազմակարծության սկզբունքը»։



 



 



Փոստանջյանի պնդմամբ` ԱԺ-ում «Ժառանգությունը» միակն է, որ դեմ է Մաքսային միությանը անդամակցելուն «Միայն այս մի քաղաքական կազմակերպությունն է , որ դեմ է արտահայտվել այդ որոշմանը,  մնացած բոլորը սատարում են Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, դրա համար կա ոտնձգություն բազմակարծության դեմ և դրա համար էլ իրենց դիրքորոշումը եղել է ի նպաստ Հովիկ Աբրահամյանի»,- ասաց Փոստանջյանը նշելով, որ ինքը մյուս քաղաքական ուժերին չի մեղադրում, որ կողմնակից են եղել Հովիկ Աբրահամյանի որոշմանը:



 



Կրկին անդրադառնալով ԵԽԽՎ-ում հնչեցրած իր հարցին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ եթե դա պայմանավորված լիներ Դավիթ Հարությունյանի ցանկությամբ, ապա այդ հնարավորությունն իրեն չէր տրվի, և այդ իրավունքն ընձեռվել է իրեն  ԵԽ բանաձևի  հիման վրա: Իսկ եթե այդ իրավունքը խոչընդոտվեր, ապա  կլիներ բողոքարկման գործընթաց: