Վարդանին ինչու՞ եք նվաստացնում՝ վրեժ պահանջող նյութեր գրելով

Վարդանին ինչու՞ եք նվաստացնում՝ վրեժ պահանջող նյութեր գրելով

Կուզեի ինձ հետ թեկուզ մեկը նույն ուղղությամբ մտածեր ու պատասխաներ հարցիս՝ բարկացած ու խաղաղ մարդիկ նույն կե՞րպ են դատում, նույն կե՞րպ են արձագանքում երևույթներին: Ես ասում եմ՝ ոչ, իհարկե, ոչ: Ձեր պատասխանը պահեք ձեր մեջ: Հարցս ավելի եմ խորացնում՝ ծանր դժբախտության մեջ գտնվող մարդը ու նրա հետ զրուցողը նույն կե՞րպ են մտածում, թե՞ ոչ: Ես կասեմ՝ իհարկե ոչ: Մարդուն ծանր վիճակից, ցավից հանում են խոսքով, սթափ, հավասարակշռված խոսքով: Ձեր մտածածը ձեր մեջ պահեք:
Գուցե մտածեք՝ ի՞նչ պրիմիտիվ հարցեր է տալիս ու մարգարեի նման ինքն էլ պատասխանում: Իսկ ես կասեմ՝ երբեմն պրիմիտիվ բաներն էլ պետք է սովորել: Հասկանալ, որ սոսկալի դժբախտության մեջ գտնվող մորից, ով երկու զավակ է կորցրել, մինչև զավակներին հողին հանձնելը /առնվազն/ պատշաճ չէ հարցազրույց վերցնելը ու այն վերարտադրելը մամուլում: Նման հոգեվիճակում գտնվող մոր խոսքերը տեղադրել մամուլում, չեմ հասկանում՝ ինչ է կոչվում: Բնութագրում չունի: Մի քանի հազար ընթերցո՞ղ: Կարևոր չէ, որ հանրության մեջ կարծիք է ձևավորվում, կարևոր չէ, որ չարանում են մարդիկ, կարևորը թի՞վն է: Կայքերից մեկն էլ Երվանդ Ենգիբարյանի մասին գրել էր, որ դագաղից դուրս է եկել… Գրառումը բացվում էր լայքով: Ամո՜թ է, մամուլը գոնե մի աստիճան պետք է բարձր կանգնած լինի հանրության մեջ կատարվող խմորումներից առաջացած թունավոր նյութերից:
Այո, ողջ ազգն է ցավում երկու անչափահաս տղաների ողբերգական մահվան համար, բայց Վարդան Պետրոսյանը նույնպես զոհ է: Նա նույնպես կարող էր մահանալ կամ մի՞թե նման զգայուն հոգու տեր մարդու համար մահն ավելի գերադասելի չէր: Թույլ տվեք, որ տղայի հարազատները մեծ ցնցումից հետո ուշքի գան: Ուշքի՜ գան, հասկանու՞մ եք ինչ է դա… Այսօր Վարդան Պետրոսյանի ֆեյբուքյան էջում կարդացի՝ բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ/ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին…
Որտեղի՞ց է բխում ակունքը,- հարցնում եմ:
Կարծում եմ լրագրողներս շատ բան ունենք մտածելու: Մի՞թե այդ մենք չէինք, որ մեր հայ վարորդին ազգովի պաշտպանում էինք, երբ մեջտեղ տասնյակ ռուս զոհեր կային…Թե՞ մենք չէինք: Կասեք՝ նվաստացնում էին, դրա համար: Բայց մի՞թե նվաստացումը խալաթ հագցնելով է միայն լինում. մենք չե՞նք նվաստացնում դերասանին՝ վրեժ պահանջող նյութեր տեղադրելով: Ինչու՞ եք հանրությանը տրամադրում Վարդանի դեմ,- կարո՞ղ եմ ներողություն խնդրելով հարցնել:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ