Սուղ բյուջե՝ սուր վեճեր

Սուղ բյուջե՝ սուր վեճեր

Ազգային ժողովում աշխատավարձերի մասին բուռն վեճին հետեւելիս հնարավոր չէ չարձանագրել ոմանց ցինիզմը, մյուսների՝ պոպուլիզմը, երրորդների՝ տհասությունը: Երբ երկիրը ոչինչ չի ստեղծում, չեղած-չստեղծված ֆինանսները բաժանելը վերածվում է շատ կարճ վերմակն իրարից քաշքշելու պրոցեսի: Ինչպես բաժանել հազիվ գոյատեւող հայաստանցուց կորզված հարկերից գոյացող սուղ բյուջեն, որ երկրիդ պաշտոնյաները ոչ միայն տարին մի քանի անգամ գործուղումներ գնան, այլեւ, ինչպես Գալուստ Գրիգորիչն է ասում՝ մի քանի ձեռք փոխնորդ տանեն հետները:



 



Ինչպես անել, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող համակարգերում աշխատավարձն այնքան լինի, որ աշխատանքից զրկվելու հեռանկարից վախեցած՝ մարդիկ կաշառք չվերցնեն: Ինչ անել, որ լավագույն մասնագետները ձգտեն աշխատել ոչ թե մասնավոր սեկտորում, այլ քաղծառայության պաշտոններում:



Եվ վերջապես՝ ինչ անել, որ աղբի մեջ փորփրողներ, կոշիկ չունենալու պատճառով դպրոց չհաճախողներ, բժշկական օգնությունից օգտվել չկարողանալու պատճառով մահացողներ երկրում չլինեն: Խելացի մարդիկ, անշուշտ, չէին սեւեռվի այդ մի քանի կոպեկը բաժանելու անշնորհակալ գործի վրա, այլ կկենտրոնանային այդ երկու կոպեկը՝ չորս, չորսը՝ ութ, ութը՝ տասնութ դարձնելու վրա: Եվ կհասկանային, որ ինչպես էլ բաժանես այդ գումարները, դրանք ոչ մի բանի չեն հերիքելու՝ ոչ քաղաքակիրթ երկրի իմիջ ունենալուն, ոչ աղքատությունը կրճատելուն, ոչ պրոֆեսիոնալների տեսակարար կշռի մեծացմանը պետական ապարատում:



 



Այդ ամենը մենք կունենանք միայն այն ժամանակ, երբ կգտնենք փող աշխատելու, տնտեսությունը զարգացնելու, երկրի առաջընթացն ապահովելու բանաձեւը: Եվ ցանկացած կրքոտ վեճ ցանկացած լսարանում արդարացված է միայն այն դեպքում, եթե ուղղված է հենց այդ բանաձեւը գտնելուն: