ՀՀՇ-ն եղել է և կա

ՀՀՇ-ն եղել է և կա

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վերակազմավորման հիմնադիր անդամ Հովհաննես Իգիթյանի ՀՀՇ կուսակցությունը ո՛չ ստեղծվել է որևէ մեկի դեմ, ո՛չ էլ ի հեճուկս որևէ մեկի։ « ՀՀՇ-ն եղել է և ՀՀՇ-ն կա, սա նոր կուսակցություն չէ։ Նայեք, թե այստեղ ինչքան քաղաքական գործիչներ կան կուսակցությունից դուրս, ընդ որում, նրանց մեծ մասը կամ դուրս են մղվել ժամանակին հենց այդ նպատակով, որ ՀՀՇ-ի հետ անեն այն, ինչ արեցին։ Այսինքն՝ այս մարդիկ, եթե մնային վարչության անդամներ, խորամանկ, նենգ ձևով ՀՀՇ-ի հետ կատարվածը, որը դարձավ ՀԱԿ, տեղի չէր ունենա»,-նշեց նա։ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ՀՀՇ-ում հավաքվել են սկզբունքային մարդիկ, որոնց համար հեղինակություններ՝ որպես ճնշող կամ քծնանքի առարկա, գոյություն չունեն։ «ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյան երբեք չի եղել, երբեք չի եղել մի անձի կուսակցություն, ՀՀՇ-ի ուժը հենց նրանում էր, որ վարչության անդամներից ամեն մեկն ուներ իր դիրքորոշումը և այդ դիրքորոշումը փոխել հեղինակությամբ՝ հնարավոր չէր»,– ասաց նա։



 



Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ՀՀՇ-ն չի եղել այնպիսի կուսակցություն, որի առաջնորդը մի բան է ասում և բոլորը սպասում են, թե առաջնորդն ինչ պետք է ասի։ «ՀՀՇ-ում երբեք այդպես չի եղել։ Իշխանության ժամանակ էլ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ խնդիրը պառլամենտում ՀՀՇ-ն էր»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Տեր–Պետրոսյանի ամեն մի ասածը հալած յուղի տեղ չէր ընդունվում։ Վերակազմավորված ՀՀՇ-ի անդամն ասաց, թե գիտակցում է, որ ՀՀՇ-ն հեղինակազրկված է, բայց հստակեցրեց, որ պատճառը մի քանի անձիք էին, որոնք այսօր իրենց հետ չեն։ Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ իրենք իրենց խոսքը տեղ չեն հասցնի հրապարակներում, քանի որ, ըստ նրա՝ 21–րդ դարում պետք է հասկանան, որ քաղաքական կուսակցությունների գործելաոճը փոխվել է։