Գորիկն ու Օբաման

Գորիկն ու Օբաման

Մինչ մենք՝ հայերս, ամեն քայլափոխի բողոքում ենք, թե Գորիկ Գուրգենիչի հիմնարկն ամենուրեք «ժուչոկներ» ունի, բոլորին լսում է, հետեւում, բոլորի վրա հավաքած կոմպրոմատների պապկաները պատրաստ սպասում են իրենց «ժամին», պարզվեց՝ քաղաքակիրթ աշխարհում էլ են նույն գործով զբաղված:



 



Գերմանիայում ծագած սկանդալը՝ Անգելա Մերկելի հեռախոսազրույցներն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու կապակցությամբ, ռումբի պես պայթեց եվրոպական խաղաղ երկնքում: Մարդու իրավունքների պաշտպանության նրբին հարցերը քննարկող եվրոպացիներն անակնկալի եկան՝ Օբամայի ականջներն ամենուր են, անգամ այնպիսի սուվերեն ու հզոր երկրում, որի անունն է Գերմանիա:



 



Այս պարագայում ի՞նչ ենք սպասում մենք՝ պոստսովետական երկրների քաղաքացիներս, որ ոչ միայն երկաթե վարագույր ենք տեսել, այլեւ Բերիա ու Ստալին եւ չենք հասցրել թոթափել խորհրդային մտածողությունը:



 



Տարբերությունը միայն այն է, որ աշխարհի հզորները լսում են ուրիշ հզորների խոսակցությունները եւ դա բացատրում են արտաքին անվտանգության, տեռորիզմի դեմ պայքարի եւ ուրիշ միջազգային անհրաժեշտություններով, իսկ մեզանում գաղտնալսվող սուբյեկտները մենք ենք՝ շարքային քաղաքացիներս, որոնց զրույցներն ու քայլերը իշխանություններին հետաքրքրում են բացառապես քաղաքական նկատառումներով եւ միմիայն իշխանական աթոռները պահպանելու նպատակադրմամբ:



 



Այսինքն՝ լսում են, որ տեղեկանան, թե ինչ վտանգներ են իրենց սպասվում, եւ ովքեր են իրենց թշնամիները, որոնք կարող են երբեւէ սպառնալ իրենց աթոռներին: Կան, իհարկե, ուրիշ լսողներ ու նկարողներ եւս, որոնք նույնպես թշնամիներ ունեն: Կամ ապրում են՝ ինչպես թշնամական ճամբարում: Այս նկարող-ձայնագրողներից պաշտպանվելու միակ ձեւը բաց ու թափանցիկ ապրելն է: