Տժվժիկի մոտիվներով

Տժվժիկի մոտիվներով

Հայրենական հեռուստաալիքների ունկնդիրը կմտածի, որ ամենակարեւոր քաղաքական-հասարակական «իրադարձությունը» մեր երկրում բարեգործությունն է: Որ ալիքը փոխում ես, ցույց են տալիս, թե ինչպես է այս օլիգարխը կամ այն քաղաքական գործիչը փողոց ու դպրոց սարքում, մարդկանց փող ու տեխնիկա բաժանում, մեդալներ շնորհում:



 



Թերեւս աղքատ երկրներում բարեգործությունը սովորական երեւույթ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հասարակական համակրանքը շահելու գրեթե միակ միջոցը մնացել է բարեգործությունը: Ուստի չեմ քննարկում բարեգործություն անելու, ապա դա մարդկանց երեսով տալու անթույլատրելիությունը: «Տժվժիկն» անմահ գործ է եւ շատ արդիական մեզանում: Բայց մի բան կա, որ անբարոյական է կրկնակի, եռակի, եւ դրա դեմ պետք է պայքարեն, կարծում եմ, բոլորը:



 



Դա աղքատ մարդկանց երախտագիտության տեսարաններն են, որ բեմադրում են մեր հեռուստալրագրողները տեսախցիկների առաջ՝ առանց հասկանալու, որ դա տգեղ է, անընդունելի, ստորացուցիչ՝ ոչ միայն ստացողների, այլեւ բարերարի ու ընդհանրապես հասարակության համար: Ինչպե՞ս կարելի է դպրոցահասակ երեխային կանգնեցնել տեսախցիկի առաջ եւ ստիպել, որ ասի. «Ես շնորհակալ եմ Հովիկ Աբրահամյանին, որ նա նորոգեց մեր դպրոցը»:



 



Չի կարելի է մեր երեխաներին նվաստ, անարժանապատիվ, հարուստի առաջ խոնարհվող ու նրանով հիացող ստրուկներ մեծացնել: Լավ, մի՞թե Աստվածաշունչ էլ չեք կարդացել. «Երբ ցանկանաս ողորմություն անել, փող ու թմբուկով մի արա՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում՝ մարդկանցից փառավորվելու ակնկալությամբ։ Վստահ եղեք. դա է միայն նրանց վարձատրությունը։ Ընդհակառակը, երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը»։