Վարձավճարները կդառնան 5 հազար դրամ

Վարձավճարները կդառնան 5  հազար դրամ

Լոռու մարզի Ախթալա քաղաքում մի խումբ բնակիչներ վրդովված են համայնքի ավագանու հերթական նիստի պատճառով: Նիստում քննարկված հարցերից մեկը վերաբերել է Ախթալայի մանկապարտեզների վարձավճարների բարձրացմանը, ինչի շուրջ էլ դժգոհության ալիք է բարձրացել մանկապարտեզային տարիքի երեխաներ ունեցող ծնողների շրջանում: Բանն այն է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարները 2014 թվականի հունվարի 1-ից բարձրանալու են 80 տոկոսով՝ 3 հազար դրամից դառնալով 5 հազար:



 



Ի դեպ, Ախթալա համայնքի ավագանու անդամների մի մասը ևս դեմ է այս որոշմանը: Հարցն առաջ է քաշվել ու դրվել քննարկման քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի կողմից: Վերջինս հարցն ավագանու նիստի օրակարգում ներառելը կապում է 2014 թվականից պետության կողմից տրվող դոտացիայի նվազման հետ: Ավագանու անդամների կողմից որոշումն ընդունվել է 2 դեմ, 5 կողմ ձայների հարաբերակցությամբ: Ավագանու հաջորդ նիստին, սակայն, ներկա է եղել նաև մանկապարտեզային տարիքի երեխաների ծնողներից մի քանիսը, ովքեր նշել են, որ վարձավճարների բարձրացման դեպքում իրենց երեխաներին պարզապես չեն կարողանա ուղարկել մանկապարտեզ՝ բավարար միջոցներ չունենալու պատճառով:



 



Մեզ հետ զրույցում երեխաների ծնողներից մի քանիսը նշեցին, որ իրենք դեմ չէին լինի վարձավճարների բարձրացմանը, եթե դրանք բարձրանային գոնե 10-20 տոկոսով, սակայն 80 տոկոս բարձրացումը ծնողներն անթույլատրելի համարեցին՝ նշելով, որ իրենցից ոմանք 2-3 մանկապարտեզահասակ երեխա ունեն, և նախակրթարաններին 10-15 հազար դրամ ամսական գումար տալը չափազանց շատ է 40 հազար դրամ աշխատավարձով ապրող ընտանիքի համար: Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, սակայն, նշեց, որ այս հարցն արդեն ընդունվել է ավագանու անդամների կողմից, վերջնական որոշում է կայացվել, և այլ տարբերակ պարզապես չկա, քանի որ գումարային այս բարձրացումն արվում է քաղաքի բյուջեի ճեղքվածքը փակելու համար:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լոռու մարզ