Հայերենի մի նվիրակը

Հայերենի մի նվիրակը

Հրաչյա Թամրազյանի վաթսունամյակի այս օրերին, հավատացնում եմ ընկերոջ իրավունքով,   ամենաաննշան բանը այդ վաթսունամյակն է, թեեւ այն այսօր առաջին պլանի իրողություն է (էհ, այդպես է ստացվել), բայց ես հույս ունեմ, որ վաղը հազիվ թե հիշվի:



 



Հիշվողը նրա պարագայում այն վաստակն է, որը նրա դեպքում ոչ թե տարիքի, այլ իր զարմանալի` մարդկային եւ ստեղծագործական տաղանդների հետ է կապված:  Տվյալ դեպքում հոբելյանն ընդամենը առիթ է դրանց վրայով թեթեւակի անցնելու համար: Սկսեմ առաջինը նշածս նրա մարդկային տաղանդից` հիշեցնելով գերմանացի մեծ բանաստեղծի մեծ միտքը, որ, այո, մարդ լինելը տաղանդ է, շատ մեծ տաղանդ: Դրանից են ածանցվում բոլոր մնացածները: Ես կուզենայի ասել, որ Հրաչյա Թամրազյանը մարդ լինելու էնտուզիաստ է: Եթե կուզեք իմանալ` ողջ բարոյականությունն էնտուզիազմ է: Նաեւ էրուդիցիա: Եթե այդպիսին չէ` բանի պետք չէ: Այդ էնտուզիազմի եւ էրուդիցիայի պտուղն է, որ այն ստեղծագործական ազդակ է: Հրաչյա Թամրազյանի ամբողջ գործունեության եւ ստեղծագործության վրա ընկած է ահա այդ կենդանի էնտուզիազմը: Ես ուրիշ ոչ մեկին չգիտեմ, որ մարդկային արարքով այդպես խանդավառվի, ինչպես նա: Իսկ ասում եմ` կենդանի, որովհետեւ մարդկայնության տաղանդը գործունեություն է ենթադրում:



 



Հակառակ դեպքում կլինես մեռած մարդ: Ինքդ քեզ համար: Ես չեմ հիշում մի ասպարեզ, որտեղ Հրաչյա Թամրազյանը մեռած լինի (ներեցե՜ք արտահայտությանս համար) «թող մեռածները թաղեն իրենց մեռելներին» երկանդամ հավասարության երկու անդամներից ամեն մեկի իմաստով: Այդ կենդանի էնտուզիազմի արդյունք չէ՞ր, որ Մատենադարանի տնօրենների բավականին հեղինակավոր ցուցակում նա ոչ թե բավականին հեղինակավոր հերթական տնօրեն դարձավ, այլ պաշտոնավարման համար հեղինակազուրկ մեր օրերում կարողացավ ստեղծագործել նաեւ այստեղ` Մա-տենադարանը վերածելով հայագիտության հեռանկարի: Բայց թող չթվա, թե ես բանաստեղծ  Հրաչյա Թամրազյանի մասին խոսում եմ` նրա պաշտոնավարման հմտությունները մեջտեղ բերելով: Չէ, ես ուզում եմ ասել, որ եթե մարդը վերեւում ասված մարդկայնության եւ բարոյականության էնտուզիաստ է, մերօրյա «պաշտոն» բառը մտնում է իր ծագումնաբանական այն նշանակության մեջ, որով ասում են, օրինակ, «եկեղեցում պաշտոն մատուցել», ինչը բուն իմաստով նշանակում է` սպասավորել, ծառայել, Տիրոջ սպասավոր եւ ծառա լինել… Գումարած, որ Հրաչյա Թամրազյանը ժամանակակից հայ բանաստեղծության եզակի պաշտոնյա է ահա այս իմաստով, որտեղ բոլորը պաշտոնյա են ահա այն մյուս իմաստով, որով ոչ թե իրենք են ծառայում եւ հեղինակություն բերում բանաստեղծությանը, այլ նրան են ծառայեցնում իրենց եւ օգտվում են նրա նվիրական հեղինակությունից:



 



Ուրեմն, Մատենադարանում մատուցվող իր պաշտոնի մասին ավելին ասելը թողնելով իր գործընկերներին եւ դիտավորյալ շրջանցելով նրա գիտական եւ թարգմանական ծանրակշիռ վաստակը, ես, որ ինձ նրան եղբայր եւ գրչեղբայր եմ համարում (վերջինս անհիմն հավակնությունների մեր ժամանակներում, հավատացնում եմ, դժվար բան է), կուզենայի մի քանի խոսք ասել բազմադարյան հայ բանաստեղծության սպասավոր Հրաչյա Թամրազյանի մատուցած (դեռեւս մատուցվող) պաշտոնի մասին: Ես այդ բանաստեղծությանն ուշի-ուշով հետեւում եմ այն ժամանակներից, երբ մենք երկուսս էլ դեռ 25-27 տարեկան էինք, եւ այն դեռեւս առավելապես անհոգ նուրբ թեթեւ ջրաներկային-գծանկարային գունավորում ուներ, մինչեւ մեր օրերը, երբ այն, այդ նրբությունը չկորցնելով, դրա վրա դրել է մեր ժամանակների եւ իր տարիքի իմաստնության դառնություններով (հիշեցի Ե. Չարենցին` «իմաստնության պտուղը դառնապատիր») եւ տագնապներով հագեցած թանձր շերտերը: Ողբերգականութունը: Կյանքի թատրոնի բոլոր ֆարսերը եւ բուֆոնադները ներառող արարները: Մեր կյանքի եւ կենցաղի բոլոր գոյաբանական վայրիվերումները: Սերը եւ դավաճանությունը: Նվիրումը եւ մատնությունը: Հիացումն ու նողկանքը: Մի խոսքով` կայենական եւ աբելական բոլոր ապրումները` մինչեւ «ո՞ւր է քո եղբայրը» ահեղ հարցը, որը մի անգամ հնչելով` ցօրս կախված է մեզ բոլորիս վրա: Սա` բանաստեղծության էության տեսակետից, որը եկեք համարենք թեմա, մոտիվ, բովանդակություն՝ ինչ ուզում եք: Բայց ի՞նչ է էականն առանց էութենականության, ասել է թե` մարմինն առանց հոգու, որը բանաստեղծության լեզուն է եւ որն էլ պայմանավորում է այդ էությունը` այն վե-րածելով արվեստի: Հանկարծ չմտածեք, թե ես հոբելյանի` ջերմ խոսքեր ասելու տրամաբանությունից ելնելով եմ ասում, որ Հրաչյա Թամրազյանի ձեռքի տակ հայերենն իր բանաստեղծական հնարավորություններից մեկն է ունենում: Եթե ճիշտ է իմ այն միտքը, որ բանաստեղծությունը լեզվի լեզուն է, ապա  Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունը հայոց լեզվի լեզուներից է. ոմանք կարծում են, թե բանաստեղծությունը գրում են զգացմունքներով կամ մտքով, կամ նորարարություններով, կամ անկեղծությամբ, կամ, կամ, կամ... Ինձ համար աքսիոմա է մնում Մալլարմեի սահմանումը` «Բանաստեղծությունը գրվում է բառերով» (եզակի մարդկանց է տրված իրենց լեզվի ոգու, հանճարի հետ առնչությունը), Հրաչյա Թամրազյանն այդ առնչության մերօրյա եզակիներից:



 



Մենք բոլորս էլ, անգամ ամենամեծ բանաստեղծները, գրում ենք լավ (երբեմն) եւ վատ (հաճախ) բանաստեղծություններ, դրանք որքան ասես կան (թեեւ չափազանցում եմ` լավերն այնքան էլ շատ չեն), բայց կարեւորը ես համարում եմ այն, որ քո լեզուն քեզ ուղարկում է` իբրեւ իր նվիրակը կամ պատվիրակը. ես իմ գրչեղբորը հենց այդպիսին էլ ընդունում եմ. երբ ես ուզում եմ մի անգամ էլ ճշտել, թե մեր այս անպատգամ ժամանակներում ինձ եւ մեզ ինչ պատգամներ ունի ուղարկած մեր լեզուն` բաց եմ անում Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունների գիրքը…



ՀԳ - Երկու տարի առաջ գրված իմ այս մի քանի տողերն ընթերցելուց հետո հայտնի է դառնում, որ դրանք լույսի մի վերապրում են, բայց բացահայտ է, թե ինչու են նվիրված Հրաչյա Թամրազյանին:  



 



ԼՈՒՅՍԸ



           Հրաչյա Թամրազյանին



 



Կեսգիշերին ելանք դարձյալ լալով,



Բայց երբ կանաչ Շրեշ բլուրն անցանք,



Այդ դու էիր կանգնած փողփողալով,



Ո՜վ եթերի ոսկյա դու սերմնացան:



 



Մեջքիդ քո յոթնահյուս գոտին կապած,



Մեզ մեկնելով հունդն ու սերմը բառի…



-Թե՞ մեր հովիվն էիր` երակդ բաց,



Մեր դիմաց նստած մի մամռոտ քարի,



Ողջ տիեզերքը քո գրկում պահած,



Ասես գառը Գողթն մեր գավառի:



 



Հակոբ ՄՈՎՍԵՍ