Չինական պրոյեկտ և ադրբեջանական վայնասուն

Չինական պրոյեկտ և ադրբեջանական վայնասուն

«Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված «Չինացիները ձեռնամուխ են լինում Ղրիմի յուրացմանը» վերտառությամբ հոդվածը իրարանցում է առաջացրել Ադրբեջանական լրատվամիջոցներում:



 



Նրանց դուր չի եկել, որ հեղինակը՝ Անաստասիյա Բաշկատովան, իր հոդվածում Լեռնային Ղարաբաղը հիշատակել էր որպես առանձն միավոր: Հոդվածում մասնավորապես ասված է. «Այս տարվա սեպտեմբերին Չինաստանը հայտարարել է մի հավակնոտ ծրագրի իրականացման մասին, որ կրում է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» անվանումը: Չինական այդ ինտեգրացիոն ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլ նաև Անդրկովկասը՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսեթիան: Այժմ արդեն այդ գոտու մեջ, որպես կարևոր մասնակից է ներառված նաև Ուկրաինան: Այդ ճանապարհի վերջին կետը կդառնա Եվրոպան»:



 



Ադրբեջանական լրատվամիջոցները բողոքում են այն բանից, որ նյութի սկբնաղբյուր համարվող չինական պաշտոնական աղբյուրներում իրենք Ղարաբաղի մասին այդպիսի հիշատակում (առանձին) չեն գտել, իսկ դա նշանակում է, որ Բաշկատովան իր նախաձեռնությամբ է Ղարաբաղտը առանձնացրել Ադրբեջանից:



 



Եթե անգամ դա սխալի հետևանք է, ապա ադրբեջանական լրատվամիջոցները ոչ թե պիտի ընկնեն ռուս լրագրողի հետևից, այլ մի փոքր մտածեն, թե ինչու է նա հատկապես առանձնացրել Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը: Նախ՝ հեղինակը գրում է տնտեսական ինտեգրացիոն գոտու մասին և այն ճանապարհի որով չինացիները փորձելու են ձևավորել այդ ինտեգրացիան: Եվ ապա՝ եթե Ղարաբաղն էլ առանձնացրել է, դա այն պարզ պատճառով, որ 20 տարուց ավելի այդ երկիրն Ադրբեջանի հետ որևէ տնտեսական կապ չունի:



 



Աշխարհում, ինչպես ասում են, հիմար քաղաքագետներ շատ կան, իսկ տնտեսագետ՝ ոչ մի հատ: Այնպես որ, Ղարաբաղի, որպես առանձին միավորի հիշատակումը, եթե քաղաքական առումով ոմանց սրտով չի, դա դեռ չի նշանակում, որ տնտեսապես էլ սխալ է:



 



Էդիկ Անդրեասյան