Ծիծաղելի է, ՊԱՊԻ ջան

Ծիծաղելի է, ՊԱՊԻ ջան

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան փոխհրաձգության մասին 20 օր լռություն պահպանած Կոնգրեսը Լևոն Զուրաբյանի շուրթերով այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է տառացիորեն հետևյալը. «Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ ավելին փնտրելը, քան բուն այդ բանավեճն է, բացարձակ անիմաստ գործ է: Ավելին, այդ բանավեճի վրա կենտրոնանալը և այն որպես քաղաքական գործընթաց ներկայացնելը հենց այն է, ինչ պետք է գործող ռեժիմին: Ուստի, Կոնգրեսը չի պատրաստվում դրանով զբաղվել և շարունակում է անշեղորեն հետապնդել երկիրը ավազակապետական ռեժիմից ազատելու և ժողովրդավարություն հաստատելու իր օրակարգը՝ ում դեմքով էլ որ ավազակապետությունը ներկայացված լինի»:



 



Նախ՝ Կոնգրեսի հայտրարության այն հատվածի մասին, որով այս քաղաքական կառույցը խնդրում է իրեն չանհանգստացնել առաջիկա գործընթացների ծավալման դեպքում: Կոնգրեսը, ինչպես իրենք են ասում, ավելին չի տեսնում և դրանով (բանավեճով) չի զբաղվելու: Սա առավել քան տարօրինակ է հենց Կոնգրեսի դեպքում, որովհետև, եթե փորձենք գտնել մեկ այլ ուժ, որ ավելի քննադատած լինի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, քան Կոնգրեսը, երևի թե չգտնենք: Ուրեմն ի՞նչ է պատահել Կոնգրեսին, որ Քոչարյանին և Սարգսյանին ևս մեկ անգամ տեղը դնելու այս հրաշալի առիթը բաց է թողնում, ինչպես ասում են՝ հընթացս:



 



Մենք ոչ սպիտակ ենք ոչ կարմիր, մենք պայքարում ենք ավազակապետական ռեժիմից ազատվելու համար: Կարդում եմ Կոնգրեսի այս հանճարեղ միտքն ու մտածում՝ սրանք լրիվ Դոն Կիխոտ են դարձել: Կռվում են հողմաղացների դեմ: Եվ դա այն դեպքում, երբ իրենց  աչքի առաջ իրենց իսկ բնորոշմամբ երկու ավազակապետ կռիվ են սարքել: Իրենք, փաստորեն, հայտարարում են, որ այդ կռվի հետ գործ չունեն, որովհետև պայքարում են բացառապես ավազակապետության դեմ: Ընդունեք, որ դժվար է հասկանալը, հարգելի կոնգրեսականներ:



 



Հայաստանը մինչ օրս ներկայացված է եղել երեքի դեմքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Որքան մեզ հայտնի է ՀԱԿ պատմությունից, այդ ընթացքում Հայաստանում ավազակապետություն է եղել միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Այդպե՞ս է: Ահա: Ասացեք, խնդրեմ, հարգելի կոնգրեսչիներ, հիմա դուք ո՞ր շրջանի ավազակապետության դեմ եք պայքարում՝ Ռոբերտի՞, թե՞ Սերժի: Դատելով ձեր գրածից՝ կարելի է մտածել երկուսի ավազաապետության դեմ էլ պայքարում եք: Գրել եք՝ ում դեմքով էլ որ ավազակապետությունը ներկայացված լինի: Ճի՞շտ հասկացանք: Բայց չէ՞ որ սա գեներալմանվելիզմի տնազ է՝ «ով ուզըմ ըլի, ինչ ուզըմ ըլի»: Վերծանեցի՞ք: Լավ է: Բայց ամբողջ բանն այն է, որ եթե Մանվելը քաղաքականությունից բան չի հասկանում և դրանից դուխը ելել իրեն ուտում է, ապա դուք այդ ամենը ասում եք վախից, երկչոտությունից և հանուն ԲՀԿ-ի ապահով գրկում մնալու: Այլապես պետք է հիշեիք Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ջղաձոգումները, որոնք տեղի էին ունենում Քոչարյանի ամեն, նույնիսկ ամենաթույլ ակտիվության դեպքերում: Դուք, եթե «ճշտով» նայենք, հիմա պիտի Քոչարյանին կերած լինեիք, բայց, ահավասիկ ժամանակ չունեք նրանով զբաղվելու, որովհետև, քոռանամ ես, պայքարում եք ավազակապետության դեմ:



 



Ծիծաղելի է, ՊԱՊԻ ջան:



 



Էդիկ Անդրեասյան