Ինչո՞ւ տունը չի դառնում տուն-թանգարան

Ինչո՞ւ տունը չի դառնում տուն-թանգարան

Երկու տարի է ինչ Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում գտնվող Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու ցանկություն ունեցողները ընկել են դռնեդուռ՝ Մշակույթի նախարարություն, Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, Հանրային խորհրուրդ։



 



«Արդեն մի քանի տարի է ինչ պայքարում ենք, որպեսզի Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանը կառուցվի։ Նրանց տան դռները դեռևս հանրության առջև փակ են»,- ասաց Լուսինե Զաքարյանի հարևանուհին Արփենիկ Ղազարյանը։



 



Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը ժառանգների միջև վերածվել է կռվախնձորի։ Խորեն Պալյանի եղբորորդիները պատրաստակամ են տունը վերածել թանգարանի, բայց դատական քաշքշուկի մեջ են ընկել։ Բնակարանի ժառանգորդի վիճարկման հարցով դատարան հայց է ներկայացված, և դեռ վերջնական որոշում չի կայացվել։



 



Գերմանիայում բնակվող Շողեր Աբրահամյանը, ով Խորեն Պալյանի հետ թեև չի գտնվել գրանցված ամուսնության մեջ, պնդում է, որ նրա հետ ապրել է համատեղ և այդ ընթացքում՝ 26.07.2001թ. աղջիկ է ունեցել` Մաքսիմիլիանա Աբրահամյանին։ Վերջինս էլ պնդում է, որ բնակարանը իրենցն է և տան մի հատվածում Մաքսիմիլիանան պետք է ապրի, իսկ մի հատվածն էլ կվերածի թանգարանի։



 



Իրենց հերթին հարևանները, մշակութաբանները ևս պնդում են, որ պետք է այն վերածվի տուն-թանգարանի։ Հարևանուհու խոսքով տուն-թանգարանի վերածելու հարցում Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի կողմից կայացած քննարկման ընթացքում խնդրին հստակ լուծում չի տրվել։ «Մեծ քննարկում տեղի ունեցավ, բոլորը միաբերան ասում են, որ այն պետք է վերածվի տուն-թանգարանի, բայց սայլը տեղից չի շարժվում»,-ասաց տիկին Ղազարյանը։ Վերջինիս խոսքով՝ ժառանգները անարժան են, որպեսզի տունը նրանց մնա։ «Եթե հարգեին, ապա ամբողջ տունն այսօր քարուքանդ չէր լինի։ Ուղղակի պետք է որոշում կայացնել, և ժառանգներին ճանաչել անարժան: Նրանց ձեռքից պետք է խլել բնակարանը և տրամադրել պետությանը»,- նշեց Ղազարյանը։



 



Տիկնոջ խոսքով իրենք այլևս հույս չունեն, որ բնակարանը կվերածվի թանգարանի։ «Ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ ժառանգորդները, ոչ ոք չի ցանկանում խնդրին լուծում տալ։ Բոլորը ուզում են բնակարանը վերածել տուն-թանգարանի, բայց երբ գալիս է վճռական պահը ձեռքերը լվանում են։ Պետությունն էլ ողջ մեղքը գցում է ժառանգների վրա, իսկ ժառանգներից յուրաքանչյուրն էլ ուզում է, որ բնակարանի ժառանգորդը ինքը դառնա և կենտրոնում երկու սենյականոց բնակարան ունենա»։



 



Աննա Մաթևոսյան