Տեսեք, օ՜, տեսեք

Տեսեք, օ՜, տեսեք

Երեկ համարյա ինքնամոռացության գրկից հանկարծ օդի մեջ հրավառվում է մայդանական ընդվզման քառալիքը: Չորս կողմից բղավում են.



«Մայդանն արթնացավ, տեսեք ինչ են անում», «Դուք ձեր Ազատության հրապարակի մասին մտածեք, որ կամաց-կամաց բարի ժպիտներով խոնարհ տարածության է վերածվում, ուր միասին քայլում են բոլոր հին ու նոր դերերը, մեղավորներն ու անմեղները, այսերն ու անաչառները, պայքարողներն ու խամաճիկները», «Տեսեք, օ՜, տեսեք, թե ինչ ժողովուրդ են, իսկ մե՞նք», «Հերիք ա, լավ կլինի հանգստացնող դեղեր խմեք, խոտերով թեյ, մայդանացավը տանելի ա, տանելի»:



Մայդան - եւ սրանով ամեն ինչ ասված է: Մեզ համար ասես մի հունական աստված, թեկուզ չքնաղագեղ Արա Գեղեցիկ, որին նայելիս չի դիմանում նույնիսկ ամենաքարսիրտը: Մի փթթուն ջրահարս, որի հոգուց ցայտած լուսնակաթից հանկարծ հառնում է նոր հույսը, կենդանանում փողոցի մեջտեղում վաղուց չորացած թրիքը, եղածն ու չեղածը, խաղացածն ու չխաղացածը:



Մայդանացավն ու մայդանաքունը գիշերվա կեսին ցցվում են, լայն բացում երախներն ու լցվում Ազատության հրապարակ, հետո լեզու են հանում, միջնամատ տնկում, ասում են՝  «Տե՞ս ինչ լավն ենք, ի՜նչ ուժ ու հավատամք ունենք, մեզ հետեւեք, մեզ կրկնեք, դարձեք մեր զավակը: Մենք սպասում ենք ձեզ: Իսկ Ազատության հրապարակն անվրդով է, զմայլական նինջի մեջ, քմծիծաղում է, հիշեցնում իր ժամանակը, հիշեցնում է թնդյունի ու ջրհեղեղի իր օրերը, ըմբոստության, արյան ու ցավի հառաչանքները»: «Մանկիկ ես, Մայդան, մանկիկ, շունչ քաշի ու փառքդ վայելի, դեռ անհույս օրեր շատ կունենաս»:



Այդպես է՝ երկրից երկիր, հրապարակից հրապարակ բումերանգը շաչելով, թռցնելով հրեշի գլուխները, պտույտ է անում, երկնակամարում տարածում երբեք չավարտվող հեղափոխության անմահ երգը: Եվ հիմա Մայդանում ժողովուրդը փրկում է երկիրը, իսկ Ազատության հրապարակն սպասում է փրկիչներին: Գետնից մի քանի սանտիմետր բարձր հնչում է մայդանաբեր սպառնալիքը, հիշեցվում է նրա տեղը, զորությունը, կամքը: Բայց  Մայդանի ու մեր միջեւ դաշտեր են, սարեր ու ձորեր, ծովեր ու լճակներ, խորշեր ու անդունդներ: Մայդան, Մայդան-Դանթեի դժոխքի երգ երրորդը քեզ համար է հնչում.



Ինձանով են գնում գեհենն ահավոր,



Ինձանով են գնում Հոգվոց հարատանջ



Ինձանով են գնում Մարդկանց ախտավոր:



Արդարությունն առաջնորդեց արարչիս,



Ինձ հաստատեցին զորությունը գերագույն,



Իմաստությունը վեհ եւ սերն առաջին



Ինձնից առաջ ստեղծվել են միմիայն



Հավերժ գոյերն, ու ես հավետ կտեւեմ:



 



Ավետ ՖԻԼՅԱՆ