Մի «փոքր աղետ»

Մի «փոքր աղետ»

Երեկ առավոտյան եթերով խոսում էին Այգեպար եւ Մովսես գյուղերի գյուղապետերը: Նրանք ներկայացնում էին ստեղծված իրավիճակը:



«Գյուղերն ադրբեջանական կրակահերթերի տակ են, բայց մարդկանց մեջ խուճապ չկա: Երեխաներն առավոտյան դպրոց են գնացել: Վնասվել է գազի խողովակը, որն արդեն զոդվում է եւ շուտով գործի կդրվի»:



Մի պահ այնպիսի տպավորություն է, որ ռեպորտաժն ուրիշ երկրների, ուրիշ գյուղերի մասին է, որոնք հակամարտության մեջ են թշնամու հետ եւ փորձում են եղած հնարավորությունների ու ներուժի չափով դիմադրել: Երեւանում դպրոց հաճախող երեխան եւ Մովսես գյուղում դպրոց հաճախող երեխան տարբեր զգացողություններ են, ուրիշ ճանապարհներ: Այնտեղ գիտեն, որ պատերազմ է, մեզ մոտ լսում են, որ ինչ-որ մի տեղ պատերազմ է, եւ այդ տեղը Հայաստանն է, նույն  հայրենիքը: Հայկական բանակի խիզախ զինվոր Արմեն Հովհաննիսյանի մասին դեռ շատ կգրեն, կմատնանշեն, օրինակ կբերեն, բայց դրանից մեծ հաշվով բան չի փոխվի: Ամեն ինչում վստահությունը, հավատը կորցրած իշխանությունը որեւէ լծակ չունի հայրենասիրությամբ ներազդելու քաղաքացիների վրա, նույնիսկ այն ակնթարթում, երբ ողբերգությունն ու ցավը մոռացության են տալիս բուն խնդիրը, կամ նույնիսկ այն ակնթարթում, երբ ցուցադրում են պետական պաշտոնյաների ափսոսանքով լցված հայացքները: Հաջորդ օրը նույնն է, ոչինչ չի փոխվում:



Սոցիալական ցանցերում կեղծ ազգայնականություն քարոզելով՝ արդյունքի չես հասնի, Գարեգին Նժդեհի անունն ու գաղափարաբանությունն աջից ձախ գանահարելով՝ քաջ զինվորներ չեն կերտվի: Սեփական օրինակով են ի ցույց դնում ու կյանքի կոչում գաղափարները: Սրա մասին երկար ծավալվելն իմաստ չունի այլեւս, որովհետեւ Հայաստանում իշխանությունը, սեփական օրինակով, ամեն օր, ամեն ժամ ցույց է տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես պետք է նրա համար զոհել սեփական բարեկեցությունը, ինչպես պետք է սահման պահել, ինչպես պետք է զոհվել հայրենիքի համար:



Հերիք է:



Ամեն ինչ պարզ է:



Այս ամենը մի «փոքր աղետ» է Հայոց աշխարհի գլխին, եւ քանի կա «փոքր աղետ», Այգեպար, Մովսես եւ սահմանամերձ այլ գյուղերին ուղղված կրակոցները հեռավոր աշխարհում տեղի ունեցող դեպքերի արձագանքներ են թվալու: Ավաղ:



 



Արամ ՊԱՉՅԱՆ