Թևոսիկի «իմացությունները» վտանգավոր են

Թևոսիկի «իմացությունները» վտանգավոր են

Շաբաթ կեսգիշերին Արամի նրբանցքի շենքերից մեկի բակում հնչած կրակոցներից հետո երթեւեկությունը Սարյան փողոցով խաթարվեց, այնքան շատ իրավապահների մեքենաներ էին եկել դեպքի վայր:






Բայց միայն 27-ի առավոտյան ոստիկանության հաղորդումից երեւանցիները իմացան, որ իր տուն գնալուց սպանվել է օրենքով գող Թեւոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Նա 41 տարեկան էր: Հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի եւ որովայնի հրազենային վնասվածքներով, արդեն մահացած: Դեպքի վայրից գտել են «Մակարով» ատրճանակ եւ նախնական վարկածով պատվերով սպանություն են դիտում: Գործը հարուցված է սպանության եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածներով, բայց կարծիք կա, որ կրակողն անհայտ էլ կմնա:



 



ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԱՊԵՐ






Թեւոսիկը հանցագործ աշխարհի այն ներկայացուցիչներից է, ով բազում իշխանավորների հետ կապերի մեջ է եղել, շատ բան գիտի: Այս իմաստով հիշարժան են 2004 թ. օգոստոսի դեպքերը, երբ կալանավորված Թեւոսիկին ազատ արձակելու համար միջնորդել էին ԱԺ որոշ պատգամավորներ: Այն ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն ու ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը գժտվել էին համատեղ բիզնեսի՝ գազի լիցքավորման կայանի համար, եւ Խոսրով Հարությունյանը Թեւոսիկին էր վաճառել իր որդու անունով ձեւակերպված 25 տոկոս բաժնեմասը, ինչի հետ համաձայն չէր Մեխակ Գաբրիելյանը: Բանն ավարտվեց ծեծով: Թեւոսիկի 10-12 «տղաները» ներխուժել էին գազալցակայան եւ ծեծի ենթարկել Մեխակ Գաբրիելյանի եղբայրներին: Իսկ Խոսրով Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը), մի քանի այլ պատգամավորներ միջնորդեցին ազատ արձակել Թեւոսիկին: Հայտնի է, որ նա կապեր է ունեցել նաեւ ԱԱԾ որոշ պաշտոնյաների, Մհեր Սեդրակյանի, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հետ: Իսկ 2011-ին մամուլում վարկած պտտվեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն աջակցում է Թեւոսիկի բիզնեսին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը, որը մոտ 100 մլն դրամ տուգանել էր Թուրքիայից ներմուծումներ կատարող 4 ընկերությունների, վարչապետի հրահանգն է կատարում,  ճանապարհ հարթելով Թեւոսիկի համար, որն այս բիզնես դաշտում հաստատվելու փափագ ունի: Ինչ ծառայություններ էր մատուցում քրեական հարուստ կենսագրության տեր Թեւոսիկը հայ իշխանավորներին, երեւի գիտեն միայն իրենք: Չի բացառվում, որ Թեւոսիկի «իմացությունները» նրան վտանգավոր են դարձնում շատերի համար:



 



ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԴԻՄԱՑ



Իրավապահները գաղտնիության մթնոլորտ են ստեղծել նաեւ Թեւոս Սաֆարյանի գործով ներկայում ընթացող նախաքննության շուրջ, թեեւ այն հանրությանն ամենաշատ հետաքրքրող գործերից է: Հայտնի է միայն, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից Թեւոս Սաֆարյանը կալանավորված է եւ մեղադրվում է անձի առեւանգման մեջ: Ըստ չհերքված տեղեկությունների, Թեւոսիկն առեւանգել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամներին, այսկերպ վրեժ լուծելով այն բանի համար, որ 17 հազար դրամ պակասորդի պատճառով Ալեքսանյանը 2008 թվականին իր հերթին գերի է վերցրել «Երեւան Սիթի»-ի աշխատակցուհիներին, որոնցից մեկը Թեւոսիկի հետ բարեկամական կապ է ունեցել: Սակայն ոչ մի պաշտոնական հաստատում այս տվյալների կապակցությամբ չի եղել: Զարմանալի չէ, որ շրջանառվող վարկածներից մեկով, Թեւոսիկի եղբոր սպանությունը նույնպես վրեժի արգասիք էր եւ կապ ունի այս գործի նախաքննության հետ: Խոսվում է նաեւ, որ Թեւոսիկը չափից շատ բան գիտի որոշ իշխանավորների վերաբերյալ, եւ այս սպանության նպատակը «պոչերը» փակելն է: Հիշեցնենք, որ կալանավորումից առաջ Թեւոս Սաֆարյանը բնակվում էր Ուկրաինայում:



 



ՎԱՆՈՆ ՎՆԱՍԱԶԵՐԾԵՑ ԹԵՎՈՍԻԿԻ ՏՂԱՆԵՐԻՆ









Ժամանակին նա մեծ փոթորիկներ է արել նաեւ Մոսկվայում, որտեղ նկատելի ֆիգուր էր դեռ 90-ականներին: Հիշարժան է «տոմսերի» պատմությունն այն մասին, թե ինչպես 1994 թ. մարտին ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վնասազերծեց Թեւոսիկի ղեկավարությամբ գործող հայերից կազմված հանցագործ խմբին, որի անդամները գոյություն չունեցող մարդկանց անուններով գնում էին ինքնաթիռների տոմսեր եւ մի քանի անգամ թանկ վերավաճառում Երեւան թռչողներին: Այն ժամանակ Սիրադեղյանի հանձնարարությամբ օպերատիվ խումբը հասարակ քաղաքացիների անվան տակ Մոսկվայում Թեւոսիկի խմբի անդամներից թանկ տոմսեր գնեց, ապա պահանջեցին նրանցից, որ իրենց ուղեկցեն ինքնաթիռ, քանի որ գնված տոմսերն ուրիշների անուններով էին: Բանդիտները, որոնք գործում էին Մոսկվայի իրավապահների տանիքի տակ եւ ազատ ելումուտ ունեին ինքնաթիռ, կատարեցին պահանջը եւ կալանավորվեցին հենց շարժասանդուղքի տակ: Թեւոսիկի անունը, որպես գլխավոր կասկածյալի, շոշափվեց 1998 թ. Մոսկվայում սպանված հայ բիզնեսմենի՝ ոմն Հովսեփյանի սպանության գործում, սակայն նրան հարցաքննել չհաջողվեց, քանի որ նա ինչ-որ հրաշքով արտասահմանյան անձնագիր ստացավ եւ, ըստ մոսկովյան մամուլի, մեկնեց Եվրոպա, հետագայում խնդիրներ ունենալով Բելգիայի, Շվեյցարիայի եւ Իտալիայի իրավապահների հետ:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ