Քիչ չեչոտ էինք, գուզեք ծաղի՞կ էլ հանենք

Քիչ չեչոտ էինք, գուզեք ծաղի՞կ էլ հանենք

Նույնիսկ  անաստվածության 70 տարիների ընթացքում այդքան անբարո չգտնվեց մարդկային միտքը, ինչքան ժամանակակից քաղաքաշինական կռնատ մտածողությունը:



 



Գյումրու կենտրոնական հրապարակում գտնվող Սուրբ Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիները դարասկզբին ստվերեցին ոչ պակաս ճարտարապետական արժեք ունեցող թիվ 2 ռուսական դպրոցի եւ գյումրեցիներին ծանոթ  (ճռճռան խանութի) սեւ եւ կարմիր տուֆերի համադրությամբ երկհարկանի շենքերը, որոնք կազմում էին «Հոկտեմբեր» կինոթատրոնի եւ Ամենափրկիչ եկեղեցու օրգանական շարունակությունը: Իսկ վերջին մի քանի տարիներին Գյումրու կենտրոնական հրապարակը  խժռել են բանկային կառույցները. Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը սեպի պես խրվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ «Հոկտեմբեր» կինոթատրոնի արանքում: Մինչդեռ կառույցը ոչ մի կերպ չի ընկալվում  ճարտարապետական այս երկու գոհարների կողքին:



Պրո Կրեդիտ բանկի ներկայությունը խեղում է վերականգնվող Ամենափրկիչ եկեղեցու համայնապատկերը:



Հայէկոնոմ բանկի արդեն ավերակ դարձած շենքը,  որը 19-րդ դարի ճարտարապետական գոհարներից էր, մշակույթի նախարարության թողտվությամբ քանդվեց: Քանդեցին շենքի մարմարե աստիճանները, հազարաշեն առաստաղը, երկհարկանի այս շենքը ներսից կիսվեց, կտրատվեց, գյումրեցիների բնորոշմամբ՝  «դարձավ  դոխի բուն»... Շուրջ երկու տարի է, ինչ շենքի հիմնապատերը գտնվում են բաց երկնքի տակ...



Հրապարակի արեւելյան անկյունում հայտնված տափակ ճակատով մի նորակառույց շենք ներկայացնում է Արարատ բանկը, մի քանի քայլ այն կողմ Պրոմեթեյ բանկն է:



Բանկերի այս շքերթի եզրափակողը, ըստ տարածված լուրերի, Ամերիաբանկն է, որը 2008-ից պայքարում է հրապարակին կից այս տարածքի համար:



Տարածքը 90-ական թվականներից պատկանում է «Պինգվին» ՍՊԸ-ին: Վերջինիս կողմից այս տարածքի շահագործումը, որպես բացօթյա սրճարան, դադարեցվեց առանց պատճառաբանության, իսկ փոքրիկ մրգատու այգին մի քանի րոպեների ընթացքում արմատախիլ արվեց. կտրվեցին ծիրանենիների, ծաղկած վայրի հաղարջի, հասմիկի թփերը, երկու արծաթափայլ եղեւնի տարվեցին անհայտ ուղղությամբ:



Մեր իրականության մեջ այլեւս չես զարմանա մեկի սեփականությունը  մեկ այլ անձի տրամադրելու,  արգելադրված գույքն աճուրդով վաճառելու, դատական բոլոր ատյաններում հանցակազմ պարունակող այդ ձեռնարկներն օրինականացնելու վրա:



Այս տարածքը վերոնշյալ բոլոր փուլերով անցել է: Իրական սեփականատիրոջ՝ «Պինգվին» ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Խոջոյանի  պայքարն արդարության եւ հող խլելու տխուր սովորույթի դեմ շարունակվում է: Քաղաքապետարանը կատարել է ապօրինություն եւ, դատական պրոցեսում գտնվող գործառույթը հաշվի չառնելով, հողը վաճառել GRSP ընկերությանը: Իշխանական չինովնիկների խուսափողական վերաբերմունքն այս խնդրի շուրջ մեկ անգամ եւս փաստում է «Մամոնայի» զորության մասին: Ի՞նչ է  անելու Ամերիաբանկն այս 40 քառակուսի մետր տարածքը. տարադրամի փոխանակման կե՞տ է տեղադրելու, թե՞ իր գովազդային հոլովակներն է ցուցադրելու...



Բանկերը ոչ միայն սնանկացնում են ժողովրդին՝ սոցիալական պայմաններից դրդված նրան ներքաշելով յուրատեսակ խաղամոլության մեջ, որտեղ հաղթողը միշտ բանկն է լինում՝ իր աստղաբաշխական տոկոսներով, այլեւ Գյումրիում պարտադրում են իրենց անցանկալի ներկայությունը մշակութային արժեքների կողքին:



Մշակութային արժեքների՞.  միթե՞ այդպիսիք մնացել են Գյումրիում... մի քիչ մնացել են...:



 





 





 





 





 



Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ



Գյումրի