Թանկացումը հասել է թերթերին

Թանկացումը հասել է թերթերին

Այս տարվա հունվարից Հայաստանում տպագիր թերթերից մի քանիսը թանկացան 50 դրամով: «Հայոց աշխարհ»-ն արժե 150 դրամ, «Առավոտ»-ը և «Չորրորդ իշխանություն»-ը՝ 200 դրամ:



 



«Արդարացի է տպագիր մամուլի գնի բարձրացումը: 1994 թվականից ի վեր թերթերը վաճառվում են 100 դրամով: 20 տարի շարունակ թերթերի գինը չի փոխվել, բայց 20 տարվա ընթացքում ինչքա՜ն բան է փոխվել թե՛ գների, թե՛ ընդհանրապես ծառայությունների իմաստով»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:



 



 «Իհարկե՛, 150 կամ 200 դրամի վերածելը հարցի լուծում չէ: Գինը բարձրացնելով մեծ տարբերություն չի ստացվում, նախ՝ այդպես գնորդ են կորցնում, մյուս կողմից էլ այնքան մեծ են կարիքները, որ նույնիսկ 200 դրամով դժվար է ծախսերը ծածկել: Ես հաշվարկ եմ կատարել, որպեսզի որևիցե թերթ կարողանա գոյատևել՝ ինքնածախսածածկում ապահովել, նրա համար անհրաժեշտ է 8500 օրինակ իրացնել»,-հավելել է նա։



 



Հակոբ Ավետիքյանի գնահատմամբ՝ առցանց լրատվամիջոցները նույնպես պատճառ են, որպեսզի տպագիր մամուլի ծավալը նվազի: Դա, ըստ նրա, միայն մեզ մոտ չէ, միջազգային երևույթ է, միայն թե մեզ մոտ տեմպերը շատ ավելի արագ են զարգանում:



 



«Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ–ի գլխավոր հաշվապահ Նունե Զաքարյանը անդրադառնալով թերթերի թանկացման խնդրին, ասել է, թե իրենք A3 8 էջ տպագրական մամուլի տպագրությունը թանկացրել են ընդամենը 1 դրամ, ինչը պայմանավորված է գազի, էլեկտրաէներգիայի, ճանապարհածախսի թանկացմամբ:



 



«Մենք ընդամենը 1 դրամ ենք թանկացրել տպագրական ծախսը, թերթերը թանկացել են 50-100 դրամով»,-ասել է Նունե Զաքարյանն՝ ավելացնելով, որ գնալով թերթերի տպաքանակը նվազում է, իսկ այդ նվազումը ևս ազդում է թանկացման վրա:



 



«Եթե, օրինակ, թերթը տպագրվում էր 6000 օրինակով, նրա վրա ավելի էժան է «նստում» տպագրական ծախսը, քան՝ 1000 օրինակ տպելու դեպքում: Այսինքն՝ տպաքանակի նվազումը ևս ազդում է թանկացման վրա»,-ասաց հաշվապահն ու փոխանցեց, որ թանկացման պատճառով թերթերի տպաքանակը նվազել է, վերադարձը՝ շատացել:



 



Նունե Զաքարյանը ևս կարծում է, որ համացանցը նպաստել է տպագիր մամուլի ծավալների նվազմանը և որպես օրինակ նշել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որը երկու տարի առաջ տպագրվում էր 3000-ից ավելի օրինակով, այսօր՝ 1800 օրինակ:



 



Հունվարից 150 դրամ դարձած «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանն էլ ասել է, որ բոլոր այն թերթերը, որոնք բարձրացրել են գինը, նույն պատասխանն են տալու՝ տպագրական ծախսերը մեծացել են:



 



«Եվ, առհասարակ, բոլոր ծախսերն են մեծացել. նկատի ունեմ հոսանքը, տեխնիկայի սպասարկումը: Պետք է հաշվի առնել նաև երկրում ընդհանուր գնաճը: Դա ստիպում է մեզ թեկուզ քիչ, բայց բարձրացնել աշխատողների աշխատավարձը»,–ասել է նա։



 



Մանրամասները` այստեղ: