Իրար հետ՝ իրար դեմ

Իրար հետ՝ իրար դեմ

Armenia Today կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Ամեն ինչ ունի իր չափ ու սահմանը: Նախախորհրդարանը տարածել է մի տեսահոլովակ իրենց «ռազմա-հայրենասիրական ուղու մասին», (12:50 րոպեն) որից դուրս է գալիս, որ իբրև Կոմիտաս 5 հասցեում կառուցապատման դեմ պայքարն «առաջնորդեց կազմակերպված ուժ հանդիսացող Նախախորհրդարանը»: Անձամբ ես, իմ ընկերները ու բազմաթիվ այլ մարդիկ Կոմիտաս 5-ի բնակչության պայքարին աջակցելու նպատակով որպես ՀՀ քաղաքացիներ մասնակցել ենք այդ ակցիաներին, ենթարկվել բռնությունների և ապօրինությունների, ու չենք էլ իմացել, որ այդ պայքարը «առաջնորդում է Նախախորհրդարանը»: Ավելին, միակ մարդն եմ, որ հարուցված քրեական գործով այսօրվա դրությամբ դատվում եմ այդ դեպքերի կապակցությամբ, ու մինչ օրս դատարանում աջակցության համար չտեսա «Նախախորհրդարանի» գեթ մեկ անդամի, որպես նմուշ: Այնպես որ, բարի խորհուրդ, այլոց պայքարը ձեզ միք վերագրի՝ քաղաքական քթածակն ու համեստությունը լավ բան են, սենց հեռու չեք գնա, տղաներ...»։



 



Կիվիրյանը չցանկացավ այլ մեկնաբանություն տալ, քանի որ մոտ հարաբերություններ ունի Նախախորհրդարանի հետ և երբեմն պայքարի նույն վայրում են լինում միևնույն նպատակի համար։ Բայց զրույցից հասկանալի էր, որ սրտնեղել է կամ արդար չի համարում այն մոտեցումը, որ «Ազատագրում» տեսահոլովակում հնչում է, թե կառուցապատման դեմ պայքարն առաջնորդել է Նախախորհրդարանը։ Կոմիտաս 5 հասցեի կառուցապատման դեմ պայքարին մասնակցել են մի շարք քաղաքացիական ուժեր, անհատ ակտիվիստներ, քաղաքացիներ ու տեղի բնակիչները և այդ պայքարի կամ շարժման մեջ չեն եղել ընդգծված առաջնորդներ կամ առաջնորդող ուժ։ Նախախորհրդարանը նույնպես մասնակցել է պայքարին ինչպես մյուսները, էական չէ՝ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, պայմանականորեն ասած՝ մասնակցության հավասար պայմաններ են եղել։ Այդպիսի օրինակ կարելի է բերել նաև Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման պայքարը կամ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը, որը գրեթե մասսայական բնույթ ունեցավ։



 



Այլ է դառնում խնդիրը, երբ խոսքը վերաբերում է Ծածկած շուկայի կառուցապատման դեմ պայքարին, այդտեղ նախաձեռնողն ու ընդգծված առաջնորդողն իսկապես Նախախորհրդարանն էր, այսօր էլ փորձում են դատական հայցերի միջոցով որոշ հանգուցալուծման հասնել։ Ծածկած շուկայի համար պայքարին քաղաքացիական այլ ուժեր, անհատ ակտիվիստներ կամ ինչ-որ չափով մասնակցել են, կամ չեն մասնակցել, այդուհանդերձ պայքարը Նախախորհրդարանինն էր։ Այդպես է կարծում նաև Արգիշտի Կիվիրյանն առանց վերապահումների։



 



Իսկ ամենակարևորն այն է, որ երկրում կա քաղաքացիական շարժում, ինչը հույս է ներշնչում, որ ձևավորվելու է քաղաքացիական հասարակություն՝ իր իրավունքների և երկրի կայունացման համար պայքարող։ Այդ հասարակության ձևավորման կորիզը հանդիսացող քաղաքացիական տարբեր ուժերը ցանկալի է, որ իրար հետ լինեն և միասին պայքարեն՝ առանց մեկը մյուսի նկատմամբ առավելություն ընդգծելու։ Իսկ առաջնորդ լինելու հավակնությունը հավանաբար կուսակցություններին է վերապահված։



 



Ֆելիքս Եղիազարյան