Հայաստանն ազատ երկիր է. կեր խոտ, եթե ուզում ես

Հայաստանն ազատ երկիր է. կեր խոտ, եթե ուզում ես

Եթե որևէ լրատվամիջոցի դեմ ցույց անելը տեղավորվում է քաղաքական պայքարի շրջանակներում, և այդ ցույցի կազմակերպիչներին թվում է, որ այդ կերպ տվյալ լրատվամիջոցին կստիպեն իրենց մասին գեղեցիկ հեքիաթներ գրել ու տպել, ապա ինչո՞ւ չանել այդ ցույցը: Ազատ երկիր ենք ի վերջո:



 



Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ հատկապես լրատվամիջոցները քաղաքական պայքարի ինչ-ինչ կանոնների մեջ չեն տեղավորվում: Իզուր չէ, որ լրատվամիջոցներին անվանում են 4-րդ իշխանություն և իզուր չէ, որ նրանք այդքան բազմազան են և իզուր չէ, որ քաղաքական գործիչները, մեծուփոքր պաշտոնյաները, նույնիսկ լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները  ամեն առավոտ օրվա թերթերի տրցակ են գնում կրպակներից, որ տեսնեն` ինչ կա, չկա իրենց շուրջն ու աշխարհում: Նույնիսկ սովետի ժամանակ էր մամուլը բազմազան:



 



Ի՞նչ վատ բան կա դրանում:



 



Եթե բոլոր թերթերը գովերգեին միայն մեկ մարդու և փնովեին նույն մարդկանց, մենք, ի դեմս մամուլի, հասարակության հայելի չէինք ունենա: Փոխարենը կունենայինք իր մասին ամենատարրական պատկերացումներից զուրկ հասարակություն, որտեղ բոլորը կտառապեին թերարժեքության սինդրոմով, իրենց ստորադասված կզգային նրանց հանդեպ, ում գովերգում, երկինք են հանում լրատվամիջոցները:



 



Փառք Աստծո, մեզ մոտ այդպես չէ, և լրատվամիջոցներն էլ բավականին ջանասեր են հասարակությանն աշխույժ պահելու հարցում: Հետևաբար` մամուլին պետք է մի բան էլ շնորհակալություն հայտնել և ոչ թե ցույց անել նրա դեմ, դատի տալ, լռեցնել, ստիպել, որ լրատվամիջոցը գրի այն, ինչ հաճո է միայն քեզ:



 



Շատ ավելի վատ է, երբ լրատվամիջոցի դեմ փորձում է բռնություն կիրառել մի քաղաքական ուժ, որին ծավալվելու, հասարակությանը ընկալելի դառնալու հարցերում միայն մամուլը կարող է օգնել: Միանշանակ է, որ այս պահին  նույնիսկ քննադատական խոսքն է նպաստում տվյալ ուժի կամ գործչի ժողովրդականության աճին: Զզվելի է, չէ՞, երբ բոլորը միայն գովերգում են տվյալ ուժին կամ գործչին: Այդպես վարվում են, հեռու տնից, հանգուցյալների հետ:



 



Եվ, այնուամենայնիվ, եթե մեկը գտնում է, որ պետք է լրատվամիջոցի դեմ ցույց անել, թող անի: Ազատ երկիր ենք: Բայց պետք է իմանալ, որ հարցը լրատվամիջոցի դեմ ցույց անել-չանելը չի: Հարցն այն է` ինչպիսի՞ ցույց կանես: Կոպիտ ասած` տաղանդդ կհերիքի՞, թե կհայտնվես ք..ի մեջ, ինչպես դա տեղի ունեցավ օրերս` ՙՀայկական ժամանակ՚-ի և ՙԱռաջին լրատվական՚-ի դեմ ցույց անողների հետ: Չգիտեմ ովքեր էին այս ցույցի կազմակերպիչները, բայց նրանք միանշանակ, իրենց հետ ք…ի մեջ գցեցին ոչ միայն քաղաքական ուժին, որը ներկայացնում էին, այլև այն լրատվամիջոցին, որ պատրաստվում էր լայնորեն լուսաբանել այդ ՙցույցը՚: Երբ իսպառ բացակայում է տաղանդը, հետևանքները կարող են և տխուր լինել:



 



Նորից ենք պնդում` հարց չկա, ազատ երկիր ենք: Ամեն ինչ էլ կարելի է անել: Նույնիսկ ինքնահրկիզվողը ինքնահրկիզվում է ոչ թե աչքից հեռու մի տեղ, այլ հրապարակներում: Բոլորը գրում են այդ մասին, մարդը հայտնի է դառնում (հետմահու կամ այրվածքաբանական կենտրոնում): Մի խոսքով` աչքի ընկնելու ձևերը շատ են և կարելի է նույնիսկ մտածել օրիգինալ երևալու մասին: Կոնկրետ այս վերջին ցույցը, որ ստացավ ՙդհոլների ցույց՚ անվանումը, բացարձակապես չէր փայլում իր օրիգինալությամբ: Դա Արտաշես Գեղամյանի նստավայրի առջև կազմակերպված ցույցի ծանակումն էր` սարսափելի անտաղանդ ծանակումը:



 



Ես ավելի քան վստահ եմ, որ խմբագրությունների առջև տեղի ունեցած ՙդհոլների ցույցի՚ թիկունքում կանգնած քաղաքական ուժի ղեկավարը յուր շարքերին նման հանձնարարություն չի տվել` դհոլն առած` գնալ խմբագրությունների առաջ նվագել, որ այդ լրատվամիջոցները հաջորդ օրվանից իր մասին լավ-լավ բաներ գրեն: Նա, ամենաշատը, հրահանգած կլինի` չնստել աշխատասենյակներում, դուրս գալ ժողովրդի մեջ, աշխատել: Բայց շարքերում միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր ուզում են Պապից ավելի կաթոլիկ երևալ և ընկնում են այսպիսի ծիծաղելի վիճակների մեջ` ծաղրի առարկա դարձնելով թե յուր ղեկավարությանը և թե իրենց:



 



Հայաստանում եթե մի բան կա, որ շատ է, դա ազատությունն է: Մեզ մոտ մարդն ազատ է նույնիսկ հոգեկան հիվանդ լինել: Խնդիր չկա: Վերցնում ես դհոլն ու սկսում ես խփել խմբագրություններից մեկի առաջ: Նշանակություն չունի, թե որի` ՙՀայկական ժամանակի՚, ՙԱռաջին լրատվականի՚, ՙԿենտրոն՚ հեռուստատեսության, ՙ7or.am՚-ի, ՙՀրապարակի՚, ՙԱռավոտի՚, ՙԺամանակի՚… Պարզապես պետք է նաև պատրաստ լինես, որ մի առավոտ կարթնանաս ու կտեսնես, որ դռանդ առջև մի դեզ խոտ է դրած:



Էլի եմ ասում, ազատ երկիր ենք, ամեն ինչ էլ կարող է պատահել:



 



Էդիկ Անդրեասյան