Շքեղության հարկը, պատգամավորի Touareg-ն ու սեփական նախագծի օգտին չքվեարկելը

Շքեղության հարկը, պատգամավորի Touareg-ն  ու սեփական նախագծի օգտին չքվեարկելը

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով խիստ թանկարժեք ավտոմեքենաների վրայից կհանվի «շքեղության հարկ» ասվածը։ Դա վերաբերում է առավելագույնը երկու տարվա հնության, 25 մլն դրամից բարձր արժեք եւ շարժիչի 4.5 լիտրից ավելի ծավալ ունեցող ավտոմեքենաներին, որոնց ներմուծման դեպքում, 30 տոկոսից բացի, որի 20 տոկոսն ավելացված արժեքի հարկն է, 10 տոկոսը՝ մաքսատուրք, ներմուծողը պարտավոր է եւս 20 տոկոս մուծել՝ վճարելով ընդհանուր հաշվով 50 տոկոս հարկ։ Օրենքը, որ ընդունվել էր 2 տարի առաջ, այսօր հանում են։



 



Երեկ կայացած քվեարկության ժամանակ ուշագրավն այն էր, որ այս նախագծի քվեարկությունը բոյկոտեցին ոչ իշխանական բոլոր ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, որի անդամներից Միքայել Մելքումյանն այդ նախագծի հեղինակներից էր եւ քննարկման ժամանակ էլ հանդես էր գալիս որպես հարակից զեկուցող։ Մյուս հեղինակներն էին ՀՀԿ-ականներ Վարդան Այվազյանը, Արմեն Մխիթարյանը, Հովհաննես Սոֆոյանը: Մենք զրուցեցինք Մելքումյանի հետ։



 



- Պարոն Մելքումյան, ո՞րն է այս օրենքում նորից փոփոխություն անելու հիմնավորումը։






- Դրանք մի քանիսն են, առաջինը, որ անցած 2 տարիների ընթացքը ցույց տվեց, որ էապես կրճատվել է այդ ռեժիմով ներկրվող մեքենաների թիվը, եւ բյուջեն, տարբեր գնահատականներով, միջինը 3 միլիարդի թերսնուցում է ստացել, երկրորդ խնդիրն այն է, որ իմ՝ որպես մասնագետի անձնական տեսակետով, եթե կա գումար, որը ներդրվում է ինչ-որ մի բանի մեջ, անպայման էդ գումարը չխեղդել, որովհետեւ, տեսեք, էդ գումարները չէին դառնում ներդրումների աղբյուր, դրանք պետք է երկրից գնային, միգուցե, ուստի մենք ուզում ենք ռեժիմ սահմանենք, որպեսզի այդ մեքենաների մեջ դնեն եւ ոչ միայն բյուջե փող բերեն ֆիսկալ, այլեւ էդ տնտեսվարող սուբյեկտներն աշխատեն, զարգանան, ու նոր աշխատատեղեր բացվեն։ Եվ դրանք մի քանի հարյուր մարդիկ չեն, դրանք հազարներ են։



 



Էստեղ մի հետեւանքային խնդիր կա։ Եթե մարդիկ բերում էին մեքենան, Վրաստանում կամ Ջավախքում ինչ-որ մեկի անունով ձեւակերպում էին, հետո բերում էին Հայաստան, ստացվում էր, որ էդ փողը, որ պետք է որպես հարկ մուծվեր, կորչում էր։ Օրինակ, եթե մարդը մեքենա էր բերում 100 հազար դոլարանոց ու դրա համար 50 տոկոս հարկ էր մուծում, Վրաստանում գրանցելու դեպքում ընդհանրապես չէր մուծում։ Հիմա ո՞րն է լավ, որ էդ 20 տոկոսը հանենք, ու էդ մարդը մեքենա բերի, Հայաստանում մաքսազերծի եւ 30 տոկոս հարկ մուծի՞, թե՞ ընդհանրապես չմուծի։



 



- Իսկ ավտոներմուծող ընկերությունների հետ որեւէ քննարկում եղե՞լ է, իրենք դժգոհություն հայտնե՞լ են այս կապակցությամբ, թե՞ սա ձեր՝ օրենսդիրների ցանկությունն է։






- Իհարկե եղել է։ Տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել, նաեւ մեր՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է հանդիպել տարբեր ավտոներկրողների եւ պաշտոնական ներկայացուցչությունների հետ, եւ նրանք, իհարկե, ասել են, որ դեմ են, որովհետեւ այդ լրացուցիչ բեռը որ դնում են, նման թանկարժեք մեքենաների պահանջարկը քչանում է, ու իրենք էլ չեն բերում։



 



- Ձեր գործընկերների կողմից հարց հնչեց՝ պե՞տք են մեզ արդյոք այդքան շքեղ ու թանկարժեք մեքենաներ, որ ուզում ենք հեշտացնել դրանց ներմուծումը Հայաստան։






- Անձամբ ես կողմ եմ, որպեսզի էդ շքեղ մեքենաների ճնշող քանակությունը չլինի, ես, ընդհանրապես, տարբեր տեսակի շքեղություններին դեմ եմ, որ, ասենք թե, հակադրության մեջ մտնեն հարստությունը եւ ծայրահեղ աղքատությունը, նվազ եկամուտները, ինքս դեմ եմ դրան՝ որպես էակ, բայց ես կողմ եմ, որ գնանք եկամուտներն ավելացնելու ճանապարհով, ու պետք չի էդ սեգմենտին զրկել ավելի մատչելի տարբերակով նման մեքենա ունենալու հնարավորությունից։



 



- Բայց եթե խոսում ենք Հայաստանում հարկերի չափից, ապա, օրինակ, մեր հարեւան Վրաստանում ոչ միայն այդ ակցիզային հարկը չկա, այլեւ մաքսազերծման հետ կապված հարկերն են ցածր, իսկ Հայաստանում նույնիսկ այդ 30 տոկոսն է մեծ գումար։






- Գիտե՞ք ինչ, ներողություն, էլի, եկեք մի քիչ անկեղծ խոսենք։ Մոտավորապես 40 հազար դոլար է, չէ՞, կազմում էդ 25 միլիոն դրամը։ Հիմա ի՞նչ եք կարծում, եթե մարդ, ով ունի մի 2-3 միջին բիզնես, ամեն բիզնեսից ստանում է մի 2-3 հազար դոլար ամսական եկամուտ, եթե ինքը կարողանա խնայել ամսական 1000-ական դոլար էդ երկու բիզնեսներից, մեկ տարվա ընթացքում նա կխնայի 24 հազար դոլար, 2 տարվա ընթացքում կկարողանա գնել 40 հազարանոց մեքենա։ Հիմա ի՞նչ անենք, էդ մարդուն զրկե՞նք էդ մեքենան առնելու հնարավորությունից։



 



- Ամբողջ աշխարհում միտում կա մատչելի, փոքրալիտրաժ, էկոլոգիապես մաքուր ու տնտեսող մեքենաների տարածման, իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է։ Հիմա մենք, փոխանակ նման միտումով առաջնորդվենք, մի բան էլ հեշտացնում ենք թանկարժեք մեքենաների ներմուծումը։






- Ցավոք սրտի, եթե ուշադրություն դարձնենք նաեւ մեր առանձնատների վրա, սրճարանների վրա, էդ թանկարժեք քանդակները, կառնիզները…  Ցավոք սրտի, դա էս փուլում ինչ-որ բնորոշ պահ է, դրա համար էս ամեն ինչի լուծումն այն է, որ մենք շատ լավ ուսումնասիրենք միջազգային փորձը, բայց միգուցե նաեւ սա մեր ազգային մենթալիտետի հետ կապ ունի, որովհետեւ մենք շքեղություն սիրող ազգ ենք։



 



- Դուք ինքներդ ի՞նչ մեքենա եք վարում։






- Ես համարյա չեմ վարում մեքենա։



 



- Բայց, որքանով տեղյակ եմ, Volkswagen Touareg ամենագնաց ունեք, որը Հայաստանում շքեղություն է համարվում, բավական թանկարժեք մեքենա է, ծախսատար ու շարժիչի բավական մեծ աշխատանքային ծավալով՝ 3.2 կամ 3.6 լիտր, 4.2 լիտր, 5.0 լիտր:






- Հա, ճիշտ եք, ես ունեմ նմանատիպ մեքենա, 2006 թվականի արտադրության Volkswagen Touareg, բայց շատ քիչ եմ վարում, պատկերացրեք՝ մի 30 հազար կմ է վարած, այսինքն՝ ես գրեթե չեմ վարում, դա մեր ընտանեկան մեքենան է, հայրս է վարում հիմնականում, ես սիրահար չեմ։ Իսկ շարժիչը, եթե չեմ սխալվում, 3.2 լիտրանոց է։ Ես չեմ էլ ձգտում շքեղության, կհավատա՞ք՝ իմ Touareg-ն նույնիսկ մգեցված ապակիներով էլ չի։



 



- Պարոն Մելքումյան, Դուք մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ հավաստիացրիք, որ ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն չունի։ Իսկ ավտոմոբիլային բիզնեսի նկատմամբ ունի՞։ Որքանով հայտնի է մեզ՝ նրան կամ նրա ընտանիքին են պատկանում Հայաստանում մի շարք ավտոմակնիշների պաշտոնական ներկայացուցչություններ` Hyundai, Opel, Lada:






- Այ, դրանից տեղյակ չեմ, էդ տիպի տեղեկատվությունները՝ մամուլի քարտուղար կա, իրենից ճշտեք։ Էդ ձկնաբուծարանից երեկ տեղյակ էի, որովհետեւ ճշտել էի, իսկ Ձեր ասածից տեղյակ չեմ, չեմ կարող ասել՝ ունի՞, թե՞ ոչ։



 



ՀԳ. Ի դեպ, սեփական հեղինակած նախագծի քվեարկությանը Մելքումյանը չմասնակցեց, դահլիճում չէր, իսկ իր ներկայացրած խմբակցությունն էլ բոյկոտեց ու չքվեարկեց։ Ավելի ուշ նա լրագրողներին հայտնեց, որ ինքը տեխնիկական պատճառներով ներկա չէր, իսկ խմբակցության բոյկոտն էլ քաղաքական որոշում էր։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ