Բ. Սահակյան. Արցախցին ջանք չի խնայում սեփական հողի շենացման գործում

Բ. Սահակյան. Արցախցին ջանք չի խնայում սեփական հողի շենացման գործում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:



«Սիրելի հայրենակիցներ,



Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը` ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան: Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռևս մեր նախնիների մոտ: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա:

Այսօր էլ արցախցին ջանք ու եռանդ չի խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Պետությունն էլ իր հերթին անում է հնարավորն աշխատավորների իրավունքների պաշտպանության, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Սրանք այն կարևոր խնդիրներից են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: 
Թանկագին արցախցիներ, 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ազնիվ ու արդար աշխատանքում` ի նպաստ և ի բարօրություն ձեր ընտանիքների և հարազատ Արցախի»: