Ծերուկը պատմեց, որ Հանրայինը Արմենիայից ոչ պակաս տեխնիկական բոց է արել

Ծերուկը պատմեց, որ Հանրայինը Արմենիայից ոչ պակաս տեխնիկական բոց է արել

Վու՜յ ընկեր Հովիկ ջան: Դուրս չգայի էլի՜, ասի՝ գրիպ ես, տանդ նստիր, ի՞նչ ես գնում բանջարեղենի խանութ, որ հավիկից հետո բադիկի մասին լսես: Առևտուր անելու փոխարեն մարդիկ հավիկից էին խոսում ու զարմանալի բան, խոսողները երևի վրիժառուների խմբից էին, բոլորը մի մարդու նման ասում էին՝ տո լավ էլ արել են, որ գրել են՝ հավիկ, գրողի ցավը տանեմ: Վու՜յ մե: Գերազատ մասսա, ինչ ուզում, խոսում են, բախտները բերել է, գործ էլ չունեն, որ ազատեն գործից: Քամու պես ազա՜տ, անարգե՜լ, ուր ուզում մտնում, ինչ ուզում, ասում են:



-Մեղքը Արմենիայի աշխատողներ,- ինսուլտից ծնոտը վերուվար անող մի ալևոր էր խոսում,- հացը կտրեցին երեխեքի: Վա՜յ ձեր հացը… Որ էդպես է՝ թող Հ1- ի աշխատողին էլ ազատեին աշխատանքից:



Այս խոսքի վրա, զգալով, որ նոր գործ է բացվում, ավելի սարսռացի: Ասում են՝  գրիպի ձևն է այդպես: Մրսում, դողացնում ես, հետո ջերմությունդ կրկին բարձրանում է: Մի սարսուռ բռնեց էս ամառվա կեսին, որ ալևորի հետ հավասար սկսեց չանաս դողալ: Ալևորն էլ, որ ինսուլտից հետո մի բառը տաս անգամ կրկնելուց հետո էր հասկացվում, ինքն իր ասածը մի բառից հասկացել ու ծիծաղում էր, ծիծաղելը որն է, քրքջում էր: Ոչ պլաստինկա էր, ասեի՝ հետ տուր, նորից պատմիր, ոչ էլ ձեռքիս պուլտ կար, որ նորից միացնեի: Ստիպված առևտուր անողների հետ սպասեցինք մինչև ծիծաղելը վերջացներ, հետո հարցրինք.



-Հ1-ում ի՞նչ է եղել:



Ծերուկը ծիծաղի մեջ խեղդվելով ու ողջ ջանը թափահարելով հետևյալը պատմեց.



-Մի շաբաթ կլինի: Հ1-ով ինչ որ հաղորդում էի նայում: Գովազդ էին ցուցադրում՝ մուկ: Գրված էր մուկ: Կնոջս կանչեցի՝ Վարսո արի, տես Հ1-ն ինչ է արել: Հետո տեսա, որ Ջերմուկի գովազդն է, ջեր-ը ուշ են բերել ու հա՜ մուկ է գրված ցույց տալիս: Ես ու կնիկս էնքան ծիծաղեցինք որ մեռանք: Տեխնիկական վրիպակ էր:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ